«Կոնգրես» հյուրանոցի դահլիճ, առաջին շարքում նստած է մի թուխ աղջնակ – տեսնես ո՞վ է, ու՞մ շառավիղն է, որ նստել է պատվական տեղում: Հայրիկի հուշ երեկոն է: Չհարցնե՛ք՝ ո՛ր Հայրիկի… Հայերն ունեցել են երկու Հայրիկ – Խրիմյան Հայրիկը և հայ երգի վեհափառներից՝ Հայրիկ Մուրադյանը: Հայ բնիկ երգի վեհափառի հուշ երեկոն էր: Թուխ աղջնակը Հայրիկի ծառի թխլիկ բողբոջն էր – ծոռնուհին…
Հայ գենը հրեղեն բողբոջել էր… Ի՞նչ աչքալուսանք կտաս ինձ, ընթերցողս, բարի լուրեր ունեմ հաղորդելու: Երբ նայում էինք մեր բնիկ արվեստի կենսալի և հասուն շիվերին՝ «Մարաթուկը», «Ակունքը», «Կարինը» - և ցանկանում էինք, որ էլի գան, նորերը գան, բայց նորերը չկային… Հայ գեն, համբուրե՛մ պարույրներդ, - ի՛նչ անսպասելի նորություն – տեսանք նոր խմբեր, անուշ ու թխլիկ բողբոջներ հայ արվեստի - «Վերադարձ», «Մասունք», «Սասնա ծռեր», «Նուբար» և ուրիշներ: Հայի զավակներ – դեմքերը պարզ, մի քիչ կոշտ, գեղջուկ ծագման՝ պեղել ու հանել էին նոր երգեր, նոր պարեր… Հպարտ, արքայական պարերի ցնցումներից դողում էր «Կոնգրեսը», դողում էր այս ծեր քաղաքակրթությունը…
Չէ՛, այսօր պիտի հայտարարեմ – Հայաստանում Կա Մեկ Բարձրագույն Իշխանություն – Հայ Մշակույթը: Մնացած բոլորը՝ սարերի հովվից սկսած մինչև երկրի աշխարհիկ ու հոգևոր կառավարիչները՝ պետք է ընդունեն են Հայ Մեծ Մշակույթի Բարձր Կառավարչությունը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4662189613243?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել