
Ինչ-որ բանի
Ինքը աշխարհն է վախով սպասում,
Պարն ավարտվել
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Բարոյական այն պարապը,
Որ շատ վաղուց
Ամենքիս մեջ հորանջում էր
Կարծես անչար և անվնաս,
Հիմա արդեն չարչարում է ու տանջում է`
Վերածվելով մի անհատնում զկրտոցի...
Ես չեմ կարող նշել ճշտված թվականը
Եվ ժամանակը ճշգըրիտ,
Բայցևայնպես այս հանդեսը,
Որ սկսվել է դեռ շատ վաղուց,
Ավարտին է հասել արդեն։
Ամաչեցե՛ք աստվածներից
Եվ հանեցե՛ք դիմակներըդ,
Բավակա՛ն է:
Իսկ եթե դեռ պիտի խաղաք,
Էհ, խաղացեք, էլ ի՞նչ ասեմ.
Խաղ խաղացեք ինքներըդ ձեզ և իրար հետ,
Բայց առանց ինձ:
Ես այլևըս չեմ մասնակցում
Ոչ թե խաղին,
Այլ մինչև իսկ և մատաղին,
Թե մորթվողը
Մարդկայնություն-մարդկություն է
Ու ես արդեն ոչ բողոքում,
Ոչ ողոքում,
Ոչ էլ կոկորդս եմ կեղեքում:
Ինչի՞ համար
Կամ ո՞ւմ համար։
Պարույր Սևակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել