Կան ծրագրեր, որոնք «դիփֆեյք» կոչվող տեսակի ոչ միայն վիդեո այլև ձայնային ձայնագրություններ են կեղծում:
Մասնավորապես՝ որքան շատ ունի դիփֆեյքի ինժիները տվյալ անձի իրական, այլ տիպի ձայնագրություններ, ձայնի և խոսքի օրինակներ՝ այնքան բարձրորակ և իրականությունից չտարբերվող է տվյալ անձի ձայնով ցանկացած բնույթի և բովանդակության կեղծ «ձայնագրման» կամ գաղտնալսման ստացումը՝ ստեղծումը:
Ձայնի և խոսքի օրինակների առկա քանակությունը լցվում է համակարգիչ, որից հետո այդ ձայնով և խոսքով ու առոգանությամբ վերարտադրվում է այն տեքստը, որը ինժիները ցանկանում է վերագրել ձայնի տիրոջը: Արդյունքում՝ իրականից ոչնչով չտարբերվող ձայնագրությունը, որ հարյուր տոկոսանոց վավերականության հնչողություն է ունենում և անգամ հատուկ միջոցներով հնարավոր չէ փաստել դրա կեղծությունը, դառնում է «համոզիչ» փաստ: Փաստը, որը երբեք գոյություն չի ունեցել:
Այդպես կեղծում են ոչ միայն տեսգրություններ և ձայնագրություններ, այլևս անգամ ֆոտոշոփ չկիրառելով` կեղծությամբ անբացահայտելի լուսանկարներ, որոնք ստեղծվում են արհեստական բանականության արդեն լայնորեն հասանելի տեխնոլոգիայի միջոցով։
Տարածված ձայնագրությունների մասով ամենայն հավանականությամբ Երևանի դավաճանական ռեժիմը կիրառել է հենց այդ տեխնոլոգիան, որ հասանելի է այսօր գրեթե բոլոր պետությունների հատուկ ծառայություններին:
Կարծել, որ բազում մարդկանց և գործիչների ինքը գաղտնալսած և ինքը գաղտնալսման զոհ դարձած ԱԱԾ նախկին պետը կարող էր բաց գծով խոսել, կամ ընդհանրապես չպահպանել հեռախոսային խոսակցության հիգիենան՝ իմանալով, որ բոլոր հատուկ ծառայությունների ամենաուշադիր հսկողության տակ է՝ ուղղակի միամտություն է:
Մյուս կողմից՝ Ուոթսափփը և հատկապես Սիգնալը անթափանցելի են, եթե մարդը պահպանել է հեռախոսից օգտվելու և ֆիշինգի զոհ չդառնալու էլեկտրոնային հիգիենան:
Նույնը թերևս վերաբերվում է կամ կարող է վերաբերել մյուս ձերբակալվածներին:
Չպաշտպանելով ձերբակալված գործիչներից որևէ մեկի ընդհանուր քաղաքական գիծը, կամ նրանց քաղաքական ուժերից որևէ մեկին՝ հանուն օբյեկտիվության, այս եզրահանգումն անելը, որպես մասնագետ՝ դառնում է անխուսափելի: