Այսօր՝ ժամը 12:00-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի է ունենալու Սիսական փառապանծ ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը։
Պարոն Մինասյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։
Պատերազմել է արցախյան գոյամարտին, դիրքերում է եղել ապրիլյան պատերազմին։
Սեպտեմբերի 27-ին եւս իր ջոկատով՝ ընկերների եւ որդիների հետ միասին մեկնել է առաջնագիծ ու պաշտպանել մեզ պատերազմի ամենաթեժ կետերում եւ Աստծո կամոք վերադարձել։
Իր բաժին կռիվը տվել, ընկերներին կորցրել, վերադարձել է, որ թիկունքում, որը պաշտպանում էր՝ ապօրինի ձերբակալեն, առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրման։
Այո՛, պարոն Մինասյանը կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, ինչպես բոլոր պատերազմներում կռիվ տված մեր հերոսները. կատարել է բացառապես թշնամու նկատմամբ, պատերազմի դաշտում։
Իսկ թիկունքում նրան շնորհակալական խոսքի եւ խոնարհումի փոխարեն դիմավորում են ձեռնաշղթաներով։
Հետեւաբար եւ բնականաբար այսօր լինելու եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն մեր Հերոսի!