Ըստ էության, ծեսն իրենից ներկայացնում է գործողությունների ինչ-որ հերթականություն, որոնք անում են մարդիկ: Որպես կանոն, ծեսերն ունեն սիմվոլիկ նշանակություն: Իրադարձությունները խիստ դրամատիզացվում են, իսկ ծեսի վկաներին համակում է հիացական սարսուռը: Մինչդեռ, ամեն ծես չէ, որ հիացմունք կարող է պատճառել...
Այս նյութում ձեզ կպատմեմ աշխարհի ամենատարօրինակ ու դաժան ծեսերի մասին:
Կանիբալիզմ
Հնդկաստանում մինչ օրս էլ ապրում է ագհորի ցեղը, որը հայտնի է նրանով, որ դրա անդամները ուտում են իրենց մահացած ցեղակիցների դիերը: Այս մարդիկ համարում են, որ մարդն ունի միակ ու ամենակարևոր վախը՝ վախը սեփական մահից, և այդ վախը դառնում է խոչընդոտ՝ հոգևոր լուսավորման հարցում: Եվ ի՞նչ են անում, ըստ ձեզ, ագհորեցիները, որպեսզի ձերբազատվեն այդ վախից. նրանք պարզապես ուտում են իրենց անցավորներին, որոնց դիակները արգելում են այրել: Նրանք թարմ դիակները կախ են գցում գետի մեջ, իսկ հետո դուրս են հանում և պատշաճ ծիսակարգից հետո ցեղովի խժռում են: Եվ սա՝ 21-րդ դարում...
Արևի պարը
Բնիկ ամերիկացիները բազմաթիվ ծեսեր և ծիսակարգեր ունեն, որոնք նվիրված են տարբեր ոգիների: Տվյալ ծեսի իմաստը հետևյալում է. աղոթել Մեծ Ոգուն, ինքնազոհողության գնալ, բայց միևնույն ժամանակ չկորցնել կապը Կենաց ծառի հետ: Մի քիչ դժվար է հասկանալ` ինչի մասին է խոսքը, մինչև չնայես նկարին: Ծեսի մասնակցի կրծքի մեջ հատուկ կեռեր են մտցնում, որոնց պարաններ են ամրացված, որոնք էլ իրենց հերթին կապված են Կենաց ծառը խորհրդանշող սյանը: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մասնակիցները սկսում են իրենց սարսափելի պարը՝ կարծես փորձելով պոկվել, բայց կեռերը պինդ բռնում են նրա միսը: Հավանաբար, այս ծեսը իրոք շատ սարսափելի է ու տեսարժան, որովհետև այն տևում է մի քանի ժամ և առանց դադարների:
Ինքնախարազանում
Մահմեդականության շիա ճյուղի հետևորդներն ունեն զանգվածային ինքնախարազանման ծես, որն անց է կացվում ամեն տարի՝ Մուհարրամ ամսին: Այս ծեսը կազմակերպվում է ի հիշատակ Մուհամմեդ մարգարեի մարտիրոսության: Այլ կերպ, քան «Զարհուրելի տեսարան», այս ծեսը որակելը մի քիչ դժվար է. կրոնական էքստազի մեջ գտնվող մարդիկ կորցնում են ցավ զգալու ունակությունն ու շարունակաբար բզկտում են իրենց մարմինը՝ ծայրերին սայրեր կցած խարազաններով:
Թռիչք՝ լիանաներով
Խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկի վրա բնակվող վայրենի ցեղերից մեկը մի տարօրինակ ու բավականին վտանգավոր ծես ունի: Մարդիկ սկզբում հավաքվում են, երգում ու պարում են, իսկ հետո տղամարդկանցից իրենց թեկնածությունն են առաջարկում մի քանի կամավոր տղամարդ: Այնուհետև այս տղամարդկանց կրունկներից կապում են լիանայի երկար որթեր, և նրանք այդպես ցատկում են բավականին բարձր փայտե աշտարակից, որը կառուցվում է հատուկ այս ծեսի համար: Ցատկողները առանձնապես չեն էլ մտահոգվում հետևանքների մասին և պարզապես ցատկում են: Ընդունված է համարել, որ ինչքան ավելի բարձր կետից կատարվի ցատկը, այնքան ավելի մեծ է ստացվող օրհնությունը: Հաճախ աստվածների օրհնությունը հետմահու է լինում:
Դիվահարում
Արևմտյան Աֆրիկայի որոշ մասերում այս ծեսը բավականին տարածված է: Մարդը պետք է թույլ տա, որպեսզի ոգին տիրանա իր մարմնին, և դրա համար նա գնում է անտառի խորքը, որտեղ նրա մարմնի մեջ ոգի է մտնում, ընդ որում, այդ ոգին այնքան բռի կերպով է մտնում, որ մարդիկ ուշաթափվում են: Այս վիճակում նրանք գտնվում են մինչև երեք օր և դուրս են գալիս մոռացությունից միայն հատուկ ծեսից հետո: Անձամբ ես կասկածներ ունեմ, որ Արևմտյան Աֆրիկայում «Ոգին» հոմանիշ է կա՛մ հոլյուցինոգեն ինչ-որ սնկերին, կա՛մ էլ գյուղի շամանի կողմից մահակով գլխին հասցված ուժգին հարվածին:
Երկնային հուղարկավորություն
Հուղարկավորության այս յուրօրինակ ձևն ընդունված է տիբեթյան բուդդիստների մոտ, ովքեր հավատում են վերածնունդների ցիկլիկությանը, ուստի չկա ոչ մի անհրաժեշտություն պահպանելու ոգու մեղավոր տարրան՝ մարմինը: Մահացածների մարմինները դուրս են բերվում բաց տարածություններ, որոնք, որպես կանոն, մեծ բարձրությունների վրա են գտնվում և սովորաբար թողնվում են այնտեղ՝ որպես նվեր լեշակերներին: Որպեսզի լեշակերների գործն է՛լ ավելի հեշտանա, հատուկ մասնագետը կտրտում է մարմինը մասերի և շաղ է տալիս մարդու մարմնի կտորները, դե իսկ լեշակերներն էլ իրենց երկար սպասել չեն տալիս: Ի դեպ, նման մասնագետներին հայ դյուցազունները «ղասաբ» էին անվանում:ՃՃ
Մաքրազերծում կրակով
Մալազիայի շրջաններից մեկում անց է կացվում Կայսեր Ինը Աստվածների փառատոնը, որի ծեսերից մեկի համաձայն` մարդիկ պետք է ոտաբոբիկ քայլեն շիկացած ածուխների վրայով: Այս ծեսին մասնակցողները վստահ են, որ կրակն ազատում է մարդկային էությունը չար ազդեցությունից, ավելացնում է տղամարդու ուժն ու համարձակությունը: Հարյուրավոր մարդիկ իրոք քայլում են այդ ածուխների վրայով և շատ քիչ օտարների նյարդերն է հերիքում, որպեսզի մինչև վերջ հետևեն այս ծեսին, քանզի ուժի ու համարձակության ավելացման փոխարեն նրանք շատ լավ տեսնում են այրվածքների ու վառված մսի հոտի ավելացումը:
Պարեր դիակների հետ
Մադագասկար կղզում դիակների հետ պարերը ավանդական փառատոնի անբաժանելի մասն են կազմոււմ: Այս փառատոններն անց են կացվում 2-7 տարին մեկ, և տեղաբնակները վստահ են, որ մահացածի ոգին այն աշխարհ ավելի շուտ է հասնում, եթե նրա մահացած մարմինն ավելի շուտ է քայքայվում, այդ իսկ պատճառով էլ նրանք «օգնում» են մահացածներին. գերեզմաններից փորում և դուրս են հանում հանգուցյալների մարմինները, կենդանի երաժշտության տակ մի լավ պարեցնում են, իսկ հետո նորից թաղում են: Ինչ-որ հեչ սիրտս չի քաշում մոտ օրերս Մադագասկարում անցկացնել...
Ծակում
Ամեն տարի Թայլանդում կազմակերպվող բուսակերության փառատոնի շրջանակներում տեղի է ունենում նաև այս զարհուրելի ծիսակատարությունը: Այս ծեսի մասնակիցները պետք է ծակեն իրենց թշերը դանակներով, թրերով, նիզակներով ու կեռերով: Համաձայնվեք, որ միայն մազոխիստ-վիրտուոզները իրենց հետ նման բաներ կանեն, բայց տեղացիները պնդում են` ծեսի մասնակիցը ցավ չի զգում, որովհետև նրան այցելում են աստվածները, ովքեր անհրաժեշտ պաշտպանություն են ցույց տալիս... Չգիտեմ` Թայլանդում դրանց ոնց են ասում, բայց էդ աստվածներին մեզ մոտ շտապ օգնություն, մեկ էլ գժանոցի սանիտար են ասում...
Մահվան ծեսը
Ամազոնյան ջունգլիներում բնակվող յանոմամի ցեղախումբը հանդիսանում է այժմ մոլորակի վրա բնակվող ամենապրիմիտիվ վայրենի ցեղերից մեկը: Այս ցեղի ներկայացուցիչները ավելի քան վստահ են, որ մահը բնական երևույթ չէ, ուստի երբ մահանում է նրանցից ինչ-որ մեկը, ապա մահացածի դին սկզբում այրում են խարույկի վրա, իսկ հետո աճյունը, խառնելով բանանի հետ, հատուկ ծիսակարգային ուտեստ են պատրաստում, և ողջ ցեղը ճաշակում է այդ դելիկատեսը՝ հավատալով, որ անցավորի ոգին ընդմիշտ իրենց հետ է մնացել: