Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Բովաձոր գյուղը: Բնակիչները քաղաք հասնելու համար ունեն միայն մեկ հնարավորություն, այն է՝ առավոտյան 09:00-ի ավտոբուսը, որը գալիս է Պրիվոլնի գյուղից, անցնում է Սվերդլով և Ուռուտ գյուղերով և գնում Ստեփանավան, ապա՝ Վանաձոր: Նույն ավտոբուսը Վանաձորից դուրս է գալիս ժամը 16:00 –ին, ու եթե Վանաձորում ուղևոր կա, ով գնում է Բովաձոր գյուղ, վարորդը թեքվում է գյուղի կողմ, եթե տվյալ ուղևորը ավտոբուս է բարձրանում Ստեփանավանից, ապա վարորդը գյուղ չի թեքվում, ավտոբուսը կանգնեցնում է գլխավոր ճանապարհին ու ուղևորին իջեցնում, թեկուզ ուղևորը փոքր երեխայի հետ է, կամ մեծահասակ կին է, կամ էլ եղանակը անձրևում է: Վճարո՞ւմ ես Վանաձոր- Բովաձոր տոմսի գումարը՝ 500 դրամ, լավ, վարորդը թեքվում է գյուղի կողմը, իսկ ի՞նչ է մնում ուղևորին, երբ անձրևը թափվում է, իսկ ինքը փոքր երեխայի հետ է:
Իսկ ընդհանրապես, գյուղ օրվա ընթացքում այլևս ոչ մի ավտոբուս չի մտնում: Մարդիկ գնում են քաղաք, հետ գալու համար ստիպված տաքսի են վերցնում, իսկ տաքսին արժե 1000 դրամ: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր ընտանիք շաբաթվա մեջ գոնե 2-3 անգամ գնում է քաղաք՝ տարբեր գործերով, ապա ստացվում է, որ 8000- 12000 դրամ պետք է վճարի միայն տրանսպորտի համար, իսկ մի՞թե գյուղի բնակիչն ունի այնքան եկամուտ, որ կարողանա այսքան շռայլել միայն տրանպորտի համար, իհարկե՝ չունի, պարզապես այլ ելք չկա… ու այսպես էլ սկսվում է ավելանալ արտերկրում աշխատանքի գնացողների թիվը:
Տրանսպորտի այս խնդիրը սերտորեն կապված է գյուղում մեծացող երեխաների կրթության հետ, քանի որ ամեն մի ծնող էլ ուզում է` իր երեխան ավելի կիրթ ու գրագետ մեծանա, հաճախի արվեստի դպրոց: Գյուղում չկա մանկապարտեզ կամ մշակույթի տուն: Եթե ծնողն ուզում է իր երեխային տալ Ստեփանավանում գործող երգի- պարի կամ նկարչության դպրոց, ուրեմն տան հայրը 12 ամիս շարունակ ստիպված է մեկնել արտերկիր՝ աշխատանքի, տեղի բարբառով ասված՝ խոպան, այլապես որտեղի՞ց սովորական ապրող ընտանիքին 15000 դրամ միայն երեխային Ստեփանավան տանել- բերելու համար:
Պատկերացնենք` եթե Բովաձոր-Ստեփանավան տրանսպորտի հարցը լուծում ստանա, և օրվա ընթացքում գոնե 3 անգամ գյուղ տրանսպորտ մտնի, օրինակ՝ ժամը 09:00-ին, որ մարդկանց տանի քաղաք, ժամը 13:00-ին, որ մարդկանց բերի գյուղ և դպրոցական երեխաներին տանի խմբակների, և 17:00-ին կամ 18:00-ին, որ երեխաներին գյուղ բերի: Այս գյուղի բնակիչների կյանքը մի մեծ հոգսից կազատվի, նրանք վերջապես իրենց լիարժեք մարդ կզգան իրենց հայրենիքում ու ճանապարհներ չեն փնտրի գյուղից այլ երկիր մեկնելու համար, այն 12 000- 15 000 դրամը, որ ընտանիքները ծախսում են տաքսիների համար, կծախսեն իրենց երեխաներին ավելի լավ հագուստ կամ ավելի լավ սնունդ կամ ավելի լավ կրթություն տալու համար:
Տեսնո՞ւմ եք`, ինչքան քիչ բան է հարկավոր գյուղի բնակչին իր օջախում պահելու համար: