Hraparak.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն  հայտարարությունից հետո, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, որոշ քաղաքացիներ հասել էին Ազգային ժողով ու կառավարություն։

Նրանք իրենց բողոքն էին արտահայտում Արցախում պատերազմը կանգնեցնելու փաստաթղթի վերաբերյալ։ 

Քաղաքացիները ջարդել էին կառավարության դռներն ու մտել շենք։ Նրանք բարձրացել էին 2–րդ հարկ, որտեղ նիստերի դահլիճն է, հանդիպումների սրահն ու ՀՀ վարչապետի կաբինետը։ Նրանց այնտեղ ոչ ոք դիմադրություն ցույց չէր տվել։ Անվտանգության աշխատակիցները փորձել էին նրանց հետ երկխոսություն սկսել։

Այսօր առավոտյան էլ Փաշինյանը հայտնել էր, թե քաղաքացիները գողություն են արել։ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»,-գրել էր նա։

Թե ինչքա՞ն վնաս են հասցրել կառավարությանը, փորձեցինք պարզել կառավարության լրատվական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանից։ Նա մեզ հայտնեց, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում իրավապահ մարմինների կողմից․ «Ինձ դեռ հայտնի չէ՝ ինչքանի վնաս է պատճառվել»։

Հարցին, թե բացի նշված իրերից, այլ բան անհետացե՞լ է, մեր զրուցակիցն ասաց․ «Անձամբ բոլորդ եք տեսել, ինձ թվում է։ Ես այս պահին որեւէ բան չեմ կարող ասել»։

Նա նաեւ չնշեց, թե Նիկոլ Փաշինյանի նշած համակարգիչը, օծանելիքն ու այլ գողացված իրերը անձամբ երկրի ղեկավարի՞ն են պատկանել․ «Վարչապեը նշել է, նրա նշածին որեւէ ավելացնելու բան չունեմ։ Վարչապետի խոսքերը չենք մեկնաբանում»։

«Հրապարակ»-ը նրանից նաեւ հետաքրքրվեց, թե այս պահին որտե՞ղ է վարչապետը, եկե՞լ է աշխատանքի․ «Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ։ Ես տեղյակ չեմ, տեղեկավտվություն չունեմ»,-նշեց Արմեն Խաչատրյանը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել