1in.am-ը գրում է.
«Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ՝ պարբերականը բազմիցս անդրադարձել է Մուշի Քալե (պատմական անունը՝ Բերդ-Մուշեղի Բերդ) թաղամասի հայկական տների քանդման գործընթացին:
Մուշի քաղաքապետարանը որոշել է ոչնչացնել պատմական այդ ժառանգությունը՝ պետական միջոցներով կառուցելու համար հսկա շենքեր և ներկայիս 500 տները փոխարինելով 770 հարկաբաժիններով: Քանդման աշխատանքների շուրջ 80%-ն արդեն կատարված է:
Սակայն թուրքական «Ռադիկալ» թերթը հուլիսի 30-ին գրել է, թե քաղաքապետարանի այդ ծրագիրը չի հասել իր ավարտին՝ շնորհիվ Վանի Պաշտպանության խորհրդի կողմից տրված խնդրո առարկա տներից մեկի մասին պետական պաշտպանության որոշման:
Պոլսահայ հանրային գործիչ Կարո Փայլանը, որը հետևում է հայկական ժառանգությունների հարցին, այս մասին հայտարարել է, որ այդ տարածքներում առնվազն երկու թաղամաս պետք է պետական պաշտպանության տակ վերցվի՝ արդեն մեծ ավերներ գործած ծրագիրը վերջնականապես ոչնչացնելու համար:
Նա նաև հայտնել է, որ առ այսօր դրանք ապօրինի են քանդվել, քանի որ որոշումը բողոքարկելու համար նույնիսկ ժամանակ չի հատկացվել: Ըստ Փայլանի՝ գանձախույզներն էլ իրենց հերթին են մեծ վնաս պատճառել շինություններին՝ փորելով-փորփրելով դրանց հիմքերը:
«Մուշում եղել է 299 եկեղեցի, 94 մենաստան, 53 ուխտատեղի, 135 դպրոց՝ 5.669 աշակերտով: Մնացած երեք փողոցները չպետք է քանդվեն: Անատոլիայի հայկական ժառանգությունը մեծ արագությամբ է ոչնչանում: Եթե այս ամենը Պոլսում լիներ, 200 տարվա շենքերի մի մեխն անգամ չէին կարողանա մեխել»,- ասել է նա:
Փայլանը ցավով նշել է նաև, որ իրենք, այցելելով Մշո Սուրբ Կարապետ վանք, տեսել են, որ վանքից միայն հազիվ մի քանի պատ է մնացել, որն էլ օգտագործվում է որպես ախոռ: Իսկ գյուղի երեխաները վրան խաչ պատկերված 1500-ամյա քարերն են վաճառում: «Այն ամենը, որ մնացել է հայերից, անձայն ոչնչացվում է»,- եզրակացրել է Փայլանը: