«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար: Այս մասին հայտնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից։ 

Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ Արցախից ժամանած աշակերտները մասնակցում են ութ շաբաթ տևողությամբ դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուներ և ձեռք բերում համապատասխան գիտելիքներ՝ խաղերի պատրաստման ծրագրերից մինչև տեխնիկական անգլերեն:

Մեկնարկել են նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ՝ հատուկ Արցախից ժամանած մեր դպրոցահասակ հայրենակիցների համար կազմակերպվող անվճար դասընթացները: Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում խորը գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ուղղություններում՝

- ծրագրավորման լեզուներ (Scratch, Kturtle, HTML, CSS, JavaScript,PHP)
- գրաֆիկական դիզայնի ծրագրեր (Adobe Illustrator, Photoshop)
- Computer network, System administration

Կազմակերպիչների խոսքով, մասնակիցների համար կազմակերպվում են նաև ոչ ֆորմալ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ մշակութային վայրեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտումներ և այլն:

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում էլ արցախաբնակ մեր հայրենակիցները կարող են ամբողջովին անվճար գրանցվել ծրագրավորման հետևյալ դասընթացներին՝

- ITeens-Web programming for teenagers
- QA-Quality Assurance
- Web programming

Այս դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով:

«Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստան ժամանած մեր հայրենակիցների համար նոր մասնագիտություններ սովորելու անհրաժեշտությունը, որոշեցինք նաև նման դասընթացներ կազմակերպել: Հուսով ենք, որ դրանց արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն որոշակի գիտելիքներ և իրենց ուրույն տեղը կգտնեն մեծ պահանջարկ ունեցող տեխնոլոգիական ոլորտում և իրենց մասնագիտական հմտությունները կծառայեցնենք հայրենիքի հզորացմանը ու կայուն առաջընթացին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել