Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը նշեց, որ երեկ ողջ գիշեր և այսօր ողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են:

«Մարտերը եղել են բավականին ինստենսիվ: Նախ հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի ուղեկցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ հակառակորդի որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերը, կրել են զգալի կորուստներ: Շուշի քաղաքի մեջ, շրջակա տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավական սաստիկ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:

Հովհաննիսյնն ընդգծեց, որ Բերձորի ուղղությամբ թշնամու ուժերը փորձել են մի քանի անգամ ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար, փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավեին՝ դիմել են փախուստի: «Այս պահին մարտերը ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է գնահատել բավականին դրական, մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերը ընթացքի մեջ են: Գիշերային ժամերին արդեն երեք-չորս օր է, ըստ էության, Շուշիի համար ճակատամարտը շարունակում է»,- նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել