«…Հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար՝
թե ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմեք…
Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը…»
ՄԱՏԹԵՈՍ 6:25
Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմում ստալկերը ուղեկցորդ է, ով ցանկացողներին գաղտնի տանում, հասցնում է այլմոլորակայինների այցելության հետևանքով առաջացած խիստ պահպանվող անոմալ գոտու ներսում գտնվող մի սենյակ, որտեղ կարող են նյութականանալ մարդու ամենանվիրական, անկեղծ, չբարձրաձայնված, հոգու խորքում փայփայած, նրա բնությանն ու էությանը համապատասխանող երազանքները, որոնց մասին շատ անգամ մարդն ինքը գաղափար չունի, սակայն այդ գլխավոր ցանկությունը նստած է մարդու մեջ և ողջ կյանքում կառավարում է նրան: Թե մարդը բարձրաձայն ինչ է խնդրում կամ ծնկաչոք աղերսում սենյակից, ոչ մի նշանակություն չունի: Սենյակն է անսխալ որոշում և իրականացնում ամենանվիրական բաղձանքը...
Եթե այս տեսանկյունից նայենք մեր իրականությանը, ապա կարծես մեր ողջ քաղաքական-հասարակական վերնախավը, երկրի կառավարման համակարգերում տեղավորված, իրենց ազգի էլիտա հռչակած, իբր ազգի ապագայով մտահոգ և նրա վաղվա օրվա մասին անհանգիստ մարդկանց մեծ մասն այդ սենյակով անցել է… Եվ չնայած որ նրանք բոլորը խոսքով գիշեր ու զօր մտածում և գործում են ազգի, ժողովրդի կյանքը բարելավելու, երազում են երկիրը ԵՐԿԻՐ դարձնելու մասին, համաձայն «Ստալկերի» օրենքի` նյութականացել են նրանց բոլորի միայն ՆՎԻՐԱԿԱՆ երազանքները, որոնք էապես տարբերվում են բարձրաձայն հայտարարվածներից… Մեկը ստացել է հյուրանոցային համալիր, մյուսը՝ տաքսու երթուղի, այլոք՝ գազալցակայան, սուպերմարկետ, դուռ-պատուհան շինելու ցեխ, էժան գործարան, ինչ-որ բան ներկրելու մենաշնորհ, շուկա, խանութ, վարսավիրանոց, կենտրոնում մի մառոժնիանոց, գեներալի ուսադիր, մի այգի, Սևանա լճում անարգել ձկնորսության թողտվություն, հանք, ջուր, հող և այլն, և այլն:
Նայելով այս մարդկանց պահվածքին, խոսվածքին, նրանց մտավոր կարողություններին, մտածելա և ապրելակերպին` ակներև է դառնում, որ նրանց ՆՎԻՐԱԿԱՆ երազանքները հենց այսպիսիք պիտի լինեին, և ով հակառակը կպնդի, թող առաջինը ինքը քարը նետի ինձ վրա…
Մոտ է ժամանակը, և կծնվի այն մեկը՝ ազգիս հավաքական ԵՍ-ը, ՛«ով լիքը սրտով ու անսասան հավատով, ով վառ հույսերով է նայում Հայոց ապագային», ով, իր մեջ կրելով Կենաց Ծառը, կունենա նաև Ճիշտ Աշխարհ կառուցելու իր տեսլականը և հավաքագրելով բոլոր արժանավորներին` կկազմի Լույսի Մարտիկների իր զորագունդը և մեզ Ազգովի կռվի կհանի հանուն մարդկային առաքինությունների, սիրո ու ներդաշնակության համընդհանուր հաստատման…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=378035548988554&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել