Irakanum.am-ը գրում է․
Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:
Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը,որը տարածվեց համացանցով,այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը : ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։
«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է:Ուներ բազմաթիվ կոտրվածքներ,Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն,որտեղ վիրահատել էին,հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է »,-ասում է տիկին Շողիկը:
Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են,Կարոն հրաշքով է փրկվել:
«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել:Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան `Աշոցքից,ով մահացել է,բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ,անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին:Սարսափելի դեպք էր,ես այդ օրը անհանգիստ էի,մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:
Կարոն ընտանիքի միակ արու զավակն է,ունի երեք ավագ քույրեր:Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում,շատ է սիրում զինվորականի գործը,արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:
Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում:Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը,տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:
«Պատահական տեսա,համ լացել եմ ,համ ուրախացել,որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից:Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել ,հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել,դիրքերում:Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար:Էն փոքրիկ ճյուղը ,որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ,երեխաս նորից ծվեց ,ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը »-հուզված պատմում է տիկին Շողիկը:
Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է,գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը,ճանաչել էին հերոս տղային:
«Բոլորն էլ գիտեն,որ Կարոն է այդ լուսանկարում:Այսօր խնդրեցինք բժշկին,որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք:Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին,որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը:Կարոս լսեց ու ասեց,թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ:Հետո ժպտաց ու ասեց,որ ամեն ինչ լավ է լինելու,միևնույնն է հաղթելու ենք»-ասում է Շողիկ Սողոյանը:
Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու,ապաքինվելուց հետո կվերադառնա տուն:Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի ,եթե առողջական վիճակը թույլ տա: