ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար, ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:

Մեր քաղաքացիներին խնդրում ենք լինել ուշադիր և որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 0120906090 հեռախոսահամարներով:

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում:

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել