Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:

Դրանից առաջ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20։00-ի սահմաններում խոցվել էր հակառակորդի մեկ այլ ԱԹՍ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել