Hetq.am-ը գրում է․
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացումներ չեն եղել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցություն ցուցաբերել են գործընկեր կազմակերպությունները՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից: «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախարարության փոխանցմամբ՝ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց վերաբերյալ թվային տվյալների տրամադրումը հնարավոր չէ՝ համաձայն ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման, դրանց ամբողջական չլինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև այն պատճառով, որ նախարարությունը Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց հաշվառում իրականացնող լիազոր պետական մարմին չէ:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր լիազորությունների շրջանակում, պատասխանատու է միայն Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված անձանց կեցության պայմանների ապահովման համար»,- նշված է նախարարության պատասխանում:
Իսկ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացնում է, որ Հայաստան Արցախից ինքնաբուխ կերպով ժամանած անձանց մասին տվյալները դինամիկ փոփոխական են, հավաքագրման և մշակման փուլում են:
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կեցության պայմանների ապահովման նպատակով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցեում ստեղծվել է Արցախից նոր ժամանող և հստակ կեցավայր չունեցող քաղաքացիների առաջնային կայանման շուրջօրյա կետ, որտեղ կեցության կարիքի գնահատումից հետո քաղաքացուն առաջարկվում է ժամանակավոր կացության վայր, նրա համաձայնության դեպքում՝ ապահովվում տեղափոխումը: Բացի այդ, գործում են նաև 117 և 114 թեժ գծերը, որոնցով ևս իրականացվում է կեցության վայրի կարիքի գնահատում, որտեղից ստացված հայտերը հավաքագրվում են համակարգող մարմնի կողմից: Թեժ գծերը գործում են շուրջօրյա և անվճար են: Դրանից հետո քաղաքացիներին, հետադարձ կապի միջոցով, առաջարկվում է ժամանակավոր կացարան: Քաղաքացու համաձայնության դեպքում իրականացվում է տեղափոխում:
Համակարգող մարմնի մոտ հավաքագրվում են ինչպես կեցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները, այնպես էլ կեցության վայր առաջարկող քաղաքացիների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների ամբողջական տվյալները: Կարիքի և առաջարկի համադրման միջոցով լուծվում է քաղաքացիների ժամանակավոր կեցության հարցը:
Նախարարությունից նաև հայտնում են, որ Հայաստան տեղափոխվածների սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների կարիքները հոգում են տեղական ինքնակառավարման մարմինները, կրթական գործընթացի կարիքները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, առողջապահական ծառայությունների կարիքները՝ Առողջապահության նախարարությունը:
«Առանձին դեպքերում՝ հատկապես հոգեբանական աջակցության կարիքի, մանկական կաթնախառնուրդների կամ տակդիրների կարիքի, սննդի և դեղորայքի հույժ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև մասնագիտացված խնամքի և հատուկ կարիքներ ունեցող անձանց անձանց մատուցվող ծառայությունների կարիքի դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ»,- հայտնում են նախարարությունից:
Այդ կազմակերպություններն են՝ «Հայկական կարմիր խաչ», «Գերմանական կարմիր խաչ», «Շողիկ» ԲՀԿ, «Կամուրջ» ԲՀԿ, «Առդա» ԲՀ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային կենտրոն» ՀԿ, «Սոսէ կանանց հիմնահարցեր» ՀԿ, «Խնամք» ՀԿ, «My Way» ՀԿ, «Մարի մամա» ԲՀԿ, «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ, «Լուսէ» ՀԿ, ՀՕՖ, ՍՕՍ հիմնադրամ, «Առաքելություն Հայաստան», Մանկական զարգացման հիմնադրամ, «World vision» Հայաստան և այլն:
Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներ կան բոլոր մարզերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարիքը, օրինակ՝ առողջապահական ծառայության կամ հատուկ կարիքի առկայություն, մանկահասակ երեխաների առկայություն և այլն: Արցախում գտնվող գիշերօթիկ հաստատությունների և տարեցների խնամքի տների շահառուները տեղավորվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող համապատասխան կառույցներում: