Հայ ազգային-պետական գործիչների շարքում իր ուրույն տեղն ունի Արշակունի Սանատրուկ թագավորը, որի մասին անգամ հույն պատմիչ Արիանոսը խոստովանում Է. «Հայոց թագավոր Սանատրուկն ուներ միջակ հասակ, բայց հակում ուներ դեպի ամեն մի մեծ բան և, մանավանդ, դեպի պատերազմական գործերը։ Նա հավատարիմ պահապան Էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ Էր, նաև չափավոր ու ողջամիտ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ»։
Չնայած Սանատրուկի մասին քիչ բան է հայտնի, սակայն մատենագրության մեջ պահպանված սակավաթիվ տվյալներն էլ ցույց են տալիս, որ նա Հայաստանը հզորացնելու և շենացնելու համար իրո՜ք ջանք ու եռանդ չի խնայել։ Մ. թ. 1-ին դարում, երբ կործանված էր Արտաշեսյան գահը, Հայաստանը պատերազմական գործողությունների թատերաբեմ դառնալով Պարթևստանի ու Հռոմի միջև` ճգնաժամ էր ապրում։ Թեև Տրդատ Ա-ին հաջողվեց վերականգնել Հայոց պետականությունը, սակայն դեռևս պետական իշխանությունը ամրապնդված չէր։ Սանատրուկի օրոք (75–110թթ.) իրավիճակը Հայաստանում փոխվեց։ Հաջորդելով Տրդատ Ա-ին` նա առաջին հերթին կարողացավ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել միաժամանակ և՜ Պարսկաստանի և՜ Հռոմի հետ։
Դրա շնորհիվ երկիրը զերծ մնաց արտաքին վտանգից, հնարավորություն ստացավ մի փոքր շունչ քաշել, իսկ Սանատրուկը Հայոց պետականության հզորացմանը նախանձախնդիր ձեռնամուխ եղավ Հայաստանից անջատված հողերի միացման գործին։ Այս առումով հատկապես շատ կարևոր էր Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը։ Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այդ երկրամասում հաստատվել էր առան-ձին թագավորություն։ Բացի այն, որ դրանով հայկական պետու-թյունը միասնաբար չէր կարող հանդես գալ արտաքին վտանգի դեմ, կար ևս մի այլ վտանգ: Բանն այն է, որ Եդեսիան դարձել էր քրիստոնեական համայնքների գլխավոր կենտրոններից մեկը։ Այն դեպքում, երբ հրամայողաբար պահանջվում էր կենտրոնացնել երկրի ողջ ուժերը պետականության պահպանման համար, և այդ գործում քրմական դասը պետք է լիներ թագավորի աջ ձեռքն ու ազգային պայքարի կոչողներից մեկը, քրիստոնեական համայնքները` քարոզելով կրավորականություն, հնազանդություն, պառակտում մտցնելով ազգի մեջ, իրենցից ներկայացնում էին անիշխանական մի վտանգավոր աղանդ, որի գործունեությունից օգտվելով` օտար կառավարողները մեծ թափով ձեռնամուխ էին եղել լրտեսական ցանցի ստեղծմանը։ Եդեսիան այն գլխավոր հենակետերից մեկն էր, որտեղից բուն Հայաստան էին մտնում աղանդավորները։
Ահա, այս մեծ վտանգի գիտակցումով էր, որ Սանատրուկը արշավանք ձեռնարկեց դեպի Օսրոյենե։ Շատ կարճ ժամանակամի-ջոցում գրավելով ողջ թագավորությունը` նա արագ կարգ ու կանոն հաստատեց այնտեղ և առաջինը կոտորել տվեց թեպետ իրեն ազգակից, սակայն նախնյաց հավատքն ուրացած Եդեսիայի արքայազուններին։ Աղանդավորների դեմ վճռական գործունեու-թյուն է ծավալում Սանատրուկը նաև բուն Հայաստանում` անխնա պատժելով պետությունը ներսից քայքայելու բոլոր փորձ անողներին` այդ ճանապարհին չխնայելով անգամ իր Սանդուխտ դստերը։
Երկրի միասնականությունը վերականգնելուց և ներքին կարգ ու կանոն հաստատելուց զատ Սանատրուկը հայտնի է նաև իր ծավալած շինարարական գործունեությամբ։ Խորենացին վկայում է, որ Տարոնի արևմտյան կողմերում` Արածանու և Մեղրագետի միա-խառնման մոտ, Սանատրուկը կառուցեց Մծուրն քադաքը, որի դիրքը ռազմավարական տեսակետից շատ հաջող էր ընտրված։ Այն իշխում էր հաղորդակցության ճանապարհների վրա, նրա մոտով էր անցնում Տիգրանակերտ-Արտաշատ մեծ ճանապարհը։ Ամենայն հավանականությամբ ՙկրկնակի պարիսպներով ու պատվարով՚ այս քաղաքը եղել է Սանատրուկի աթոռանիստը։
Պատմահոր վկայությամբ Սանատրուկը թագադրվելուց հետո ապրելով երեսուն տարի մեռավ որս անելիս` խոցվելով նետի հարվածից։ Այս առթիվ Խորենացին ակնարկում է, թե կարծես հատուցվեց նրա` քրիստոնյաների թափած արյան վրեժը։ Շատ հնարավոր է, որ չհանդուրժելով անկախ ու կենտրոնաձիգ քադաքականություն վարող արքային` նրան սպանել տվեցին հռոմեացիները, կամ` Հայաստանում նրանց գործակալները։ Սանատրուկին թաղեցին Արշակունյաց տոհմական դամբարանում` Դարանաղյաց Անի քադաքում։
Սանատրուկի ողջ կյանքը նվիրաբերվեց հզոր ու ամբողջական Հայաստանի ստեղծման, նրա շենացման ու նախնյաց օրենքների պահպանման գործին։ Այս առումով նա առանձնահատուկ տեղ է գրավում Արտաշեսի, Տիգրանի, Պապի և այլ արժանավոր հայորդիների կողքին։ Եվ պատահական չէ, որ երբ 4-րդ դարի վերջերին Մեհրուժանը դամբարանից հանեց Արշակունյաց ոսկորները, ձեռք չտվեց միայն Սանատրուկի գերեզմանին, պատճառաբանելով, որ այն հնարավոր չէ քանդել։ Իսկ Հայ Ազգը, որ երբեք չի մոռանում իր արժանավորներին, Սանատրուկի ծնունդը կապեց առասպելնեոի հետ: Ասում են վտանգի ժամին, երբ նորածին արքայազնի կյանքը մազից էր կախված. «աստվածների կողմից ուղարկված մի նորահրաշ կենդանի պահպանում էր երեխայի կյանքը...»(Մովսես Խորենացի)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել