ՀՀ ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բարձրացած ընդվզմանն ու քաղաքապետարանի քայլերին, ասել է.
«Կարծում եմ՝ քաղաքապետը, ինչպես միշտ, հոգեհարազատ մնաց իր եւ՛ գործելակերպին, եւ՛ դիրքորոշմանը: Այսինքն՝ ինչպես միշտ, ականջալուր եղավ իր հենարանին՝ երեւանցուն եւ նրա կարծիքին: Բայց նաեւ իր պարտականությունն է համարում բարձրաձայնել եւ լուծումներ տալ երեւանցու ու քաղաքի համար կարեւոր, էական նշանակություն ունեցող բոլոր հարցերին, այդ թվում նաեւ՝ տրանսպորտային խնդրին»:
Համաձայնվեք, նման տիպի հայտարարությունները միանգամայն տարակուսանք են առաջացնում, եթե չասեմ` զայրույթ, և դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ: Եթե, ինչպես Նաղդալյանն է պնդում, Տարոն Մարգարյանն այդքան սիրում է ականջալուր լինել իր հենարան հանդիսացող երևանցուն և միևնույն ժամանակ հետամուտ է լինում, որպեսզի լուծվեն քաղաքի համար կարևոր հարցեր, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ Սամվել Ալեքսանյանը, միևնույն է, հասավ իր նպատակին՝ ապականեց Փակ շուկան ու այն դարձրեց «Սիթի», որը պետք է գործարկվի արդեն սեպտեմբերին (այս պահին արդեն սարքավորումներն են սկսել տեղադրել):
Սա վստահաբար այն հարցերից էր, երբ հանրային կարծիքը համընկնում էր անգամ պատկան մարմինների դիրքորոշման հետ, այն է` Փակ շուկան պատմամշակութային հուշարձան է և այդպիսին էլ պետք է մնա, Փակ շուկայում կամայական շինարարական աշխատանքներ չպետք է իրականացվեն (մինչ օրս էլ ոչ մի ճարտարապետական պլան չի հաստատվել, իսկ Լֆիկին երկու անգամ տուգանել են 200.000 դրամով) և վերջապես, ճարտարապետական հուշարձան հանդիսացող Փակ շուկան չպետք է դառնա հերթական «Սիթի» սուպերմարկետը:
Ինչո՞ւ սրանցից և ոչ մեկը չիրականացվեց: Ինչո՞ւ քաղաքապետն այդպես էլ ոչինչ չասաց այս հարցի առնչությամբ, եթե չհաշվենք մի քանի անգամ իրար խառնված կմկմոցները, որոնք հնչում էին լրագրողների հարցերին ի պատասխան, և վերջապես, ինչո՞ւ մինչ օրս էլ ոչ մի հակազդեցություն չկա այս բարբարոսությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/210537075768990
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել