Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել  ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Նշենք, որ հարկ վճարողների սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները հրապարակվել են դեռևս հունիսին և տեղադրվել ՊԵԿ պաշտոնական կայքում:

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում  է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ.

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը), 

2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
          Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են: Ուստի հարկային մարմնի սպասարկման սրահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` հեռախոսազանգերի միջոցով գումարի վերադարձման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նորից դիմելու անհրաժեշտություն չկա: ՊԵԿ-ը հավաստիացնում է` գումարները կվերադարձվեն հնարավորինս արագ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել