896550-lazy-office-worker
hognac.am-ի սովորական օրը

Նարեկ Մարգարյան
«1 օր hognac.am-ի խմբագրության կյանքից»
(Պիես մեկ գործողությամբ)
Գործող անձինք
Խմբագիր – hognac.am-ի հիմնադիրն ու խմբագիրը
Ռիփսիկ – լրագրող, հոգու խորքում` ինտերիերի դիզայներ
Ուստա Ժուլվերն – կաֆելշիկ
Անահիտ – լրագրող

Ռիփսիկը մտնում է Խմբագրի սենյակ: 
Ռիփսիկ – Շեֆ, ինտերնետում շուխուր ա ընկել, որ էն հայտնի մարդը մահացել ա:
Խմբագիր (լեփթոփից կտրվելով) – Հաստա՞տ ա:
Ռիփսիկ – anasun.com-ը, tuqumur.am.-ը ու hayrenaser.narod.ru-ն դրել են արդեն:
Խմբագիր – tuqumur.am.-ը դրե՞լ ա:
Ռիփսիկ – Ըհը:
Խմբագիր (բարկացած) – Բա ի՞նչ ես կանգնել, շու´տ գնա գրի:
Ռիփսիկ (հիասթափված) – Գրեեեե՞մ…
Խնբագիր – Դե քոփի-փեյսթ ես անում, ինչ ես անում, արագացրու´:
Ռիփսիկ (դուրս գալով սենյակից) Լավ, լավ, հիմա:

Ռիփսիկը վազում է համակարգչի մոտ, սակայն ճանապարհի կեսից վերադառնում խմբագրի սենյակ:

Ռիփսիկ – Բա ո՞ր մեկից քոփի փեյսթ անեմ: Էլի tuqumur.am.-ի՞ց:
Խմբագիր (լեփթոփից կտրվելով) – Վերջը նենց ես անելու էս տանկս խփեն: Այ աղջի, ի՞նչ տարբերություն` որ մեկից թխես, մեկ ա իրարից թխել են սաղ:

Ռիփսիկը վազում է հետ ու սկսում է աջ ձեռքի ցուցամատով հավաքել հոդվածի վերնագիրը: Մնացած մատներով Ռիփսիկը դեռ այդքան վարժ չի տպում: Զուգարանից լսվում է Ուստա Ժուլվերնի ձայնը:

Ուստա Ժուլվերն – Աղջիկ ջան, ճի՞շտ լսեցի, որ էն մեր լավ տղեն մահացել ա:
Ռիփսիկ – Հա… ժամանակ չունեմ, ձեր գո´րծը արեք, յա:
Ուստա Ժուլվերն – Ափսոս, տղուս թայ էր… բայց հաստա՞տ ա:
Ռիփսիկ – Որ գրում եմ, ուրեմն հաստատ ա:
Անահիտ – Ռիպ, բայց չարժի՞ մի հատ զանգել հիվանդանոց:
Ռիփսիկ – Դու հլը ստե՞ղ ես:
Անահիտ – Եկել եմ վերջնահաշվարկս ստանամ, սպասում եմ` շեֆը ազատվի:
Ռիփսիկ – Դե ուրեմն սուս-փու´ս սպասի: Շեֆը ինչ-որ տանկերի մասին նյութ էր գրում… Համ էլ, ոնց էլ լինի, էսքանից մեկը ճշտած կլինի:
Անահիտ – Եսիմ, anasun.com-ի վրա հույս չէի դնի: Էդ մարդուն ժողովուրդը շատ ա սիրում` արժի զանգել, ստուգել:
Ռիփսիկ – Խանգարում ես: Համ էլ րոպե չունեմ:

5 րոպե լսվում է Ռիփսիկի եղունգի կտկտոցը ստեղնաշարին:

Ռիփսիկ (գոռալով) – Շե´ֆ, դրեցի:

Խմբագրի ձայնը – Ապրե´ս: Հեսա գամ նայեմ:
Ռիփսիկ – Դրել եմ արդեն:

Մտնում է Խմբագիրը:

Խմբագիր – Հա ոչինչ, էս էլ հոմ թերթ չի, դրել ես, կարաս էլի փոխես:
Անահիտ – Կներեք, ես…
Խմբագիր (Անահիտին) Գիտեմ, զբաղված եմ, սպասի ազատվեմ: Շա՛տ վատ ա:
Ռիփսիկ – Ի՛, ի՞նչն ա վատ: anasun.com-ից վերցրեցի:
Խմբագիր – Գյոռս չեմ տանելու, նայի´, աղջի:

Խմբագիրը նոր նախադասություն է տպում ստեղնաշարի վրա: Նա տպում էր երկու ձեռքի ցուցամատերով` պարբերաբար օգտագործելով նաև բութ մատը:

Խմբագիր (Ժպտալով) – Նայի:
Ռիփսիկ – «Քիմ Քարդաշյանը որևէ կերպ չի մեկնաբանել լուրը»: Վայ, չէի ֆայմել շեֆ:

Խմբագիրը հպարտ վերադառնում է իր սենյակ: Ռիփսիկը բացում է Ֆեյսբուքի իր էջը` տեսնելու, թե ով է հավանել իր նոր նկարը, որն արվել էր Կասկադում տեղադրված ամենաթարմ արձանի կողքին:

Ռիփսիկ – Վա՛յ:

Ռիփսիկը վազում է Խմբագրի գրասենյակ:

Ռիփսիկ – Շեֆ, սաղ ա էդ մարդը, չի մահացել:
Խմբագիր (զայրացած) – է՞ս էիր ուզում: Տանկս պայթացրին: Հա դե սաղ ա, գնա փոխի, ի՞նչ ա եղել որ:
Ռիփսիկ – Լավ… Բայց կարո՞ղ ա շուխուր-մուխուր բարձրանա:
Խմբագիր – Այ աղջիկ, մեր Ֆեյսբուքի էջից ինչ-որ լայք պակասե՞լ ա:
Ռիփսիկ – Չէ, ավելացավ մի հարյուր հատ դաժե:
Խմբագիր – Ինչ-որ մեկը զանգել, բողոքե՞լ ա:
Ռիփսիկ – Չէ:
Խմբագիր – Գովազդատուն զանգե՞լ ա, ասե՞լ ա` բաներները հանեք:
Ռիփսիկ – Գովազդատուն մեզ չի էլ կարդում:
Խմբագիր – Դե ուրեմն մենք մեր գործը լավ ենք անում: Գնա` երկու ժամ ա բռնաբարության մասին նյութ չենք դրել:

Սենյակ է մտնում Ուստա Ժուլվերնը:

Ուստա Ժուլվերն – Նաչալնի՛կ ջան, էն կարմիր կաֆելից էլի ունե՞ք: Կոտրվեց մի հատը:
Խմբագիր – Արա դե լավ էլի: Սաղ քաղաքը փինաչի ա: Դրա համար էս երկրի մեկը երկուս չի դառնում: Ամեն մարդ պետք ա իրա գործով զբաղվի: Չես կարա կաֆել խփել` մի՛ խփի: Կամ գոնե արտագաղթի, Վոլգոգրադում խփի: Ես հո չե՞մ գալիս կաֆել խփում: Ես իմ գործն եմ անում: Սաղ քաղաքը փինաչի ա:

Ռիփսիկի ձայնը – Շե՛ֆ, մի հատ բիձա չորս աղջիկ ա բռնաբարել Խզլջր գյուղում:
Խմբագիր – Շատ լավ ա: Մենակ գրի, որ կուսակցական էր: Էսօր պոլիտիկա քիչ ենք դրել:

Վերջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել