Nyut.am-ը գրում է.
Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի և դրա վրա հայերեն տառերի առկայության մասին է մեր հարցազրույցը փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ: Հայր Կոմիտասը մեր ազգային արժեքների նվիրյալ, երևույթների խորքը թափանցելու բնատուր շնորհով, մեծ դիտողունակությամբ, վերլուծական ձիրքով օժտված մտավորական է և հոգևորական, որի համար մեր ազգի հոգևոր, բարոյական ու մշակութային արժեքներն անանց են, իսկ հայի առաքելությունը` նախասահմանված:
- Հայր սուրբ, խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեզ ինչպե՞ս հայտնի դարձավ Բոլիվիայում հայտնաբերված անոթի մասին, որի վրա հայերեն տառեր կան: Ինչի՞ մասին է, իրականում, խոսքը:
- Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական և այլ փաստերով, մարդու` կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է և հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայտանբերված տարաբնույթ գտածոներ, փաստեր, տեղեկություններ: Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված և Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես. «…հնարավոր է, որ շումերա-աքադական է»: Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երևացին մի շարք հայերեն տառեր` Է, Հ, Չ, Ձ, Ղ, Դ, Յ, Ո, Ռ, Ց, և մի քանի խաչ: Բառեր և բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը:- Ի՞նչ վաղեմություն ունի այդ անոթը:
- Երբ հետագայում սկսեցի մանրամասնորեն հետաքրքրվել այդ գտածոյով, կարդացի մի տեղեկատվություն, որ Ք. ա. 3500 տարվա պատմություն ունի: Ինձ ապշեցրեց հայոց տառերի առկայությունը Բոլիվիայում գտնված այդ անոթի վրա, որն, իրոք, սենսացիոն իրողություն է: Հնագետ Սուրեն Պետրոսյանը հայկական ժայռապատկերներում ժամանակին նկատել է հայկական և հունական գրերի նախատիպերը, բայց մենք դրանց վրա, եթե չասեմ ընդհանրապես, երբեք հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձրել: Ու հիմա հանկարծ Բոլիվիայում հայտնաբերվում է մի անոթ, որի վրա տեսնում ենք նույն այդ գրերը: Ընդգծեմ, որ այս բացահայտումը բնավ չի նսեմացնում սուրբ Մեսրոպ Մաշտոցի դերն ու կատարած աշխատանքի նշանակությունը, բայց դա արդեն մեկ այլ խոսակցության, մեկ այլ զրույցի նյութ է:
- Գիտնականներն ի՞նչ կարծիք են արտահայտել այդ անոթի վերաբերյալ:
- Մեր գիտնականներն անտարբեր են ու լռում են, իսկ այնտեղ, չգիտես ինչու, անոթի ծագումը ներկայացնում են` «հնարավոր է, որ շումերա-աքադական է››: Հայ գիտնականների լռության պարագայում դա, թերևս, այնքան էլ զարմանալի չէ: Երբ մանրակրկտորեն այդ անոթի նկարներն էի ուսումնասիրում, ի զարմանս ինձ, նկատեցի, որ անոթի այն հատվածը, որի վրա հայկական տառեր կան, և որը պատկերված է այդ փաստագրական ֆիլմում, թանգարանի լուսանկարում չկա: Սա ինձ ուղղակի ապշեցրեց, այսինքն` հայության համար այնքան կարևոր խնդիրը կամ փաստը մեկ անգամ ևս դրվում է ծածկոցի տակ: Վստահ եմ, որ հայ գիտնականները պետք է դրանով լրջորեն զբաղվեն և բացահայտեն ճշմարտությունը: Կուզենամ, որ նրանք ավելի սթափ մոտենան պատմագիտությանը. ոչ թե կառչեն որոշ օտար գիտնականների գրածներից, ինչպես տասնամյակներ կառչած էին Դյակոնովի և Պիոտրովսկու շուրթերից, որի հետևանքով` այսօր հայտնվել ենք դատարկ ու կոտրած տաշտակի առջև: Մարդիկ պետք է հասկանան, թե իրականում ո՛վ է հայ ժողովուրդը, ի՛նչ անցյալ և մշակույթ է ունեցել, ինչ արժեքների կրողն են իրենք, ժառանգություն ստացած ի՛նչ արժեքներ պետք է տանեն իրենց ուսերի վրա` սերունդներին փոխանցելու:
- Իսկ, Ձեր տպավորությամբ, ինչպիսի՞ն է հայ գիտնականների մեծամասնության վերաբերմունքն այն սակավաթիվ հետազոտողների նկատմամբ, ովքեր իրենց տքնաջան, դժվար և անձնվեր աշխատանքով փորձում են բացահայտել հայոց վաղնջական անցյալի գաղտնիքները:
- Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, մի ազնվազարմ տիկին կա` Լեյլա Ստեփանյան անունով, որը երկար տարիներ ուսումնասիրել է Պոլինեզիայի կղզիներում ապրող ռապա ժողովրդի բառագանձի մեջ հայերենի առկայությունը: Նա իր համեստ միջոցներով մի գրքույկ է հրատարակել, բայց, ի՞նչ եք կարծում, մեր գիտնականներն ինչ-որ ձևով հետաքրքրվեցի՞ն այդ աշխատանքով… Ո՛չ, որովհետև դա հայ ժողովրդին չի վերաբերվում, այլ Լեյլա Ստեփանյանի ֆանտազիային` երևակայությանը…
Մեր գիտնականները, դժբախտաբար, միշտ չափից ավելի համեստություն են անում հայկական արժեքները գնահատելիս: Վրացիներն ու ադրբեջանցիները, վերջին շրջանում` նաև ռուսները, իրենց տեսակետների մեջ նույնիսկ անհեթեթ ծայրահեղությունների են հասնում` առանց գիտական մակարդակին ուշադրություն դարձնելու, իսկ հայ գիտնականները, չնչին բացառությամբ, միշտ չափից ավելի համեստություն են դրսևորում: Նրանց կարծքով` մեր արժեքները երբեք չեն կարող հին լինել, պետք է լինեն առավելագույնը մինչև ուրարտական ժամանակաշրջանը, ո՛չ ավելի, իսկ երբ խոսքն Ուրարտուի մասին է, ապա, ըստ ոմանց, նույնիսկ Մեծամորն է ուրարտական… Եթե անհարմար չզգան, կասեն` Քարահունջն էլ է ուրարտական, իսկ քանի որ որոշ «գիտնականներ» հայտարարում են, թե ուրարտացիները հայերի հետ որևէ առնչություն չունեն, հետևաբար` դրանք էլ հայկական չեն…
Չեմ զարմանա, եթե վաղը մեր այս հարցազրույցն էլ մոռացության տրվի, որովհետև մարդիկ կան, որոնց նպատակը, մեղմ ասած, ճշմարտության բացահայտումը չէ: Բազմաթիվ վրացի և ադրբեջանցի «գիտնականներ›› պատմությունն աղավաղելով, հորինելով, չեղած կամ չակերտավոր ճշմարտություններ են բացահայտում և, իրենց թիկունքում ունենալով պետության հովանավորությունը, այդ մասին աղաղակում են ամբողջ աշխարհով մեկ, իսկ մենք ճշմարտությունները քողարկում, ծածկում կամ անտեսում ենք, այդ մասին լռում:
Թերևս նաև այս մտածելակերպի հետևանքով է, որ բազմահազար հայեր այսօր այդ Հայաստանից փախչում են խելակորույս ձևով… Ազատ, անկախ Հայաստան ունենալու համար մոտ 1000 տարի մաքառեցինք, պայքարեցինք, իսկ հիմա ո՞ւր ենք գնում, ո՞ւր… Ինչո՞ւ մենք մեզ չենք արժևորում այնպես, որ մեր երկիրը վերածենք, ասենք, Գերմանիայի նման երկրի: Չէ՞ որ Գերմանիան Գերմանիա դարձավ շնորհիվ բավարացիների, իսկ բավարացիները, ինչպես փաստերն են վկայում, այստեղից` քաղաքակրթության բնօրրանից են գնացել: Ինչո՞ւ հայերն ուրիշի երկրի շինարարն են դառնում, այնտեղի բարոյական ու մշակութային երկնակամարում դառնում են ընդօրինակելի, իսկ մեր երկիրը պահում ենք այսպիսի ողորմելի վիճակի մեջ:
Կարծում եմ` այդ մարդիկ պարզապես փախչում են նրանցից, ովքեր քանդում են մեր երկիրը, ովքեր սիրո, հարգանքի, երախտագիտության և նման որևէ այլ զգացում չունեն մեր երկրի նկատմամբ:
- Բոլիվիայում նախամաշտոցյան հայոց տառերի հայտնաբերման առնչությամբ գիտնականների որևէ արձագանք եղե՞լ է:
- Այդ մասին խոսել եմ նաև «Վէմ» ռադիոկայանից, հեռուստաընկերություններից մեկով անցյալ տարի ցուցադրել եմ այդ անոթը և դրա վրա պատկերված հայոց տառերը ներկայացնող փաստագրական տեսանյութը, սակայն այդ մասին, ցավոք, որևէ կարծիք, արձագանք չեմ ստացել կամ լսել… Մինչդեռ սպասում էի, որ մեր պատմաբանները, գիտնականներն ինչ-որ կերպ կհետաքրքրվեն, կանդրադառնան դրան, կխոսեն այդ մասին… Ցավոք, առ այսօր բոլորը պապանձված են…
Ի դեպ, միջնորդավորված կերպով ինչ-որ մի ճարտարապետի տեսակետ եմ լսել, թե այդ կավե անոթի վրայի մնացած բոլոր արձանագրությունները թրծված են, իսկ հայերեն տառերը, խաչերը կարծես թե սուր գործիքով են գծված: Այսինքն` ակնարկվում է, թե դրանք 5500 տարվա վաղեմություն չունեն: Մինչդեռ իրականում, առանց լրջորեն հետազոտելու այդ անոթը, միայն դիտելով փաստագրական, այն էլ` բավարար տեխնիկական որակ չունեցող ֆիլմը, հնարավոր չէ որոշել, թե տառերն ինչ կերպ են անոթի վրա պատկերվել, հնարավոր չէ որոշել նաև, թե երբ է դա արվել: Եթե մի պահ ընդունենք, թե հետագայում ինչ-որ մի հայ այդ անոթի վրա հենց այնպես հայկական տառեր է գրել, ապա նա, կարծում եմ, ոչ թե պարզապես տառեր կգրեր, այլ իր անունը կամ ինչ-որ բառ, բառեր: Սրանից ելնելով` կարելի է ենթադրել, որ անոթի վրա հայոց տառերը գրելը, դրանց հետ նաև խաչեր պատկերելն ունեցել է ինչ-որ նպատակ:
Առիթն օգտագործելով` ևս մեկ անգամ խնդրում եմ, որ հայ գիտնականներից գոնե մեկ հոգի գործուղվի Բոլիվիա և տեղում հնարավորություն ունենա այդ անոթը հետազոտելու: Ես ուսումնասիրել եմ այս անոթի վերաբերյալ համացանցում եղած նյութերը, և, ի զարմանս ինձ, ամեն անդրադարձի հանդիպել եմ, բացի այս տառերից: Բացի արդեն նշածս տեսանյութից` մնացած բոլոր նյութերում այդ տառերի ո՛չ պատկերը կար, ո՛չ էլ որևէ գրավոր տեղեկություն:
- Հայր սուրբ, ի՞նչ կարծիք ունեք հայոց գրերի` մեր այբուբենի մասին:
- Դեռ տարիներ առաջ ինձ հետաքրքրել է, թե հնարավո՞ր է, որ հայոց գրերը, հնչյունային համակարգ լինելուց առաջ, գաղտնագրեր են: Ժամանակին Նիկողայոս Մառը, անդրադառնալով հայոց գրերին, գրել է` շատ հավանական է, որ դրանք գաղտնագրեր են եղել: Հայկական գրերի մեջ ինչ-որ գաղտնիք կա, որը մեզ համար տակավին ծածկված է քողով, անհասանելի է: