Aravot.am-ը գրում է․

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Բասեն գյուղի 21-ամյա բնակիչ Դավիթ Ղազարյանը, որը լողորդ ու բռնցաքամարտիկ էր։ Նա մեկ տարի առաջ էր վերադարձել բանակից։ Նրանք երկու եղբայրներ են, եղբայրը ևս ռազմի դաշտում է։

Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը Դավիթին բնութագրում է որպես քաղաքակիրթ, լուսավոր, գեղեցիկ, ժպտերես։ Ըստ տնօրենի, ծնողները յուրահատուկ ձևով են դաստիարակել երկու որդիներին էլ, նրանք շատ տարբերվող են՝ քաղաքակիրթ, լուրջ։

«Դավիթս իրականում Սասունցի Դավիթն էր, նա ոչ մի անգամ առիթ չէր տվել իրեն դիտողություն անելու։ Հենց մահվան բոթը իմացա, մտածեցի՝ մի օր վիրավորվա՞ծ կամ, ոչ մի օր ոչ մի խնդիր չէր առաջացել, միայն մազերը միշտ երկար էր պահում, ասում էի՝ Դավիթ ջան, կտրի, պատասխանում էր՝ ախր շատ սիրուն եմ այսպես, ընկեր Սոլախյան։

Սպորտսմեն էր, ինձ թվում էր, թե նման կազմվածքով տղաների միայն ֆիլմերում եմ տեսել, աննկարագրելի էր։ Լողորդ էր, էքսկուրսիաների որ գնում էինք, հույսս միայն Դավիթն էր, ասում էի՝ չեք մտնի ջուրը, մինչև Դավիթս ջրում չլինի, դելֆինի նման էր լողում, շատ սիրուն կազմվածք ուներ։ Էնքան երազանքներ ուներ, որոնք անկատար մնացին։

Հենց ծառայությունից արձակուրդ էր գալիս, վազում էր դպրոց, մայրն ասում էր՝ Դավիթի երեսը հեչ չտեսանք, դպրոցում էր ամեն օր։ Հարցնում էի՝ Դավիթ, սիրած աղջիկ ունե՞ս, դրա համար ես գալի՞ս, հավաքարարներին ասում էի՝ տղեքիս անպայման ներս կթողնեք, իրենց համար փակ դռներ չպետք է լինեն։

Այդպես էլ գաղտնիք թողեց, մի օր մեր ուսուցիչներից մեկին ասել էր՝ ունեմ սիրած աղջիկ, բայց դու հմուտ ես, կհասկանաս՝ ով է։ Մի օր դպրոցի բակի վարդերն էր քաղել, թույլ չէինք տալիս քաղելու, ջղայնացա, ասաց՝ սիրածս աղջկան եմ տանելու, ընկեր Սոլախյան։ Ես չէի ուզում, որ ինքը հերոս լիներ, թող հերոս չդառնար, ինքը մեզ պետք էր, ինչպես կար․․․ Նա նաև բռնցքամարտով էր զբաղվում, սպորտդպրոց էր հաճախում, հեքիաթի, ֆիլմի հերոս էր Դավիթս։ Իրոք չէի ուզում հերոս դառնար, թող փեսացու, թող հայր դառնար։

Ուսանող էր, ասում էր՝ պիտի գամ դպրոց, մանկավարժ աշխատեմ, ասում էի՝ Դավիթ ջան, ես քեզ չեմ ընդունի, դու այնքան սիրուն ես, քո դիմաց ավելի մեծ դռներ պիտի բացվեն, գնա դերասան դարձի, սպորտսմեն դարձի, մեդալներ բեր։ Դասերի վերջին ժամերին բացակայում էր, գնում էր պարապմունքների, երբ ասում էի՝ Դավիթ ջան, բացականերդ շատ են, ասում էր՝ հենց մեդալս բերեմ, եթերով ձեզ շնորհակալություն կհայտնեմ, որ թողեցիք սպորտսմեն դառնամ։ Շատ երազանքներ կիսատ մնացին, չիրականացան»,-սգում էր տնօրենը։ Թեհմինա Սոլախյանն ասում է, որ Դավիթն առաջնագիծ գնալուց առաջ էլ եկել էլ դպրոց, սակայն ոչ մնաս բարով անելու։ «Ժիպտով հեռացավ, մայրիկին ասել էր՝ հանկարծ չլացես, մայրն ինձ պատմեց, ասաց՝ արցունքը խեղդում էր ինձ, կոկորդիս էր կանգնել, բայց լայն ժպտում էի, որ հանկարծ Դավիթս չվիրավորվի։

Ասել էր՝ մամ, հանկարծ չտխրես, ես անպայման գալու եմ, ինձ ժպիտով ճանապարհի, որ ժպիտով էլ ընդունես։ Երբ իմացա վիրավոր էր, ասի՝ Դավիթիս բան չի լինի, վստահ էի, որ առողջ տղա է՝ խոշոր, մարմնեղ, սպորտսմեն, ասում էի՝ ինքն անպայման կհաղթահարի, էդ ինչ բեկոր պիտի լինի, որ իմ Դավիթիս կյանքը խլի։ Երկու օր պայքարեց մահվան դեմ ու անմահացավ, անմահացավ, որ մենք խաղաղ ապրենք։ Մեր ամբողջ կյանքում պարտք ենք էս տղաներին, չգիտեմ՝ ոնց ենք պարտքը տալու, որտեղ գտնենք նրանց, ինչ անենք, որ մեր պարտքը կատարենք, ոնց ենք ապրելու առանց նրանց, նրանց անգամ մի թիզ չզիջած հողի վրա։ Պատերազմը վերջանա, ուսուցիչներով որոշել ենք էքսկուրսիա կազմակերպել, գնալու ենք այն տարածքը, որտեղ գտնվել են Բասենի տղեքը ու համբուրենք իրենց պահպանած հողերը։ Իրենք այդ հողերը պաշտպանեցին, ցավոք, շատերն արյան գնով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել