«Ստյոպա Սաֆարյանից սկսած, վերջացրած վերջին բլոգերով վատ չէր լինի, որ Մերի Մնջոյանից ներողություն խնդրեին...» … այսպես արտահայտվեց մշակույթի ներկայացուցիչներից մեկը, որին պատահմամբ հանդիպեցի փողոցում (երբ խոսքը գնաց Մերի Մնջոյանի հագուստի մասին, որը նա հագել էր Յուրմալայում): Այդ մարդուն լսելուց հետո ես նույնպես եկա այն եզրակացության, որ այո´, վատ չէր լինի, որպեսզի ներողություն խնդրեին այն մարդիկ, ովքեր ամեն ինչ թողած ֆետիշացնում էին Մաշայի «20000 դոլարանոց զգեստը», փոխարենը որպես հայ աղոթեին նրա հաղթանակի համար: Այդ օրերին, երբ ընթերցում էիր մամուլը, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Մաշան ինչ-որ մեծ հանցագործություն է գործել Հայաստանի հանդեպ, երբ հագել է այդ չարաբաստիկ հագուստը:
Իհարկե, պետք է նշեմ, որ ես վերոհիշյալ արտահայտության մեջ համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ Ստյոպա Սաֆարյանը Մաշային էր քննադատում, նա, ի տարբերություն շատ բլոգերների և Ֆեյսբուքի օգտատերերի, քննադատում էր նրանց, ովքեր Մաշային ասել էին, որ նա հագնի այդ շորը: Բայց այնուամենայնիվ, նրա գրառումը ստվեր էր գցում Մաշայի հեղինակության վրա, որովհետև այս աղջկա անթիվ-անհամար թշնամիները Ստյոպայի գրածը մեկնաբանում էին յուրովի: Իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա պետք է նշեմ, որ նրանցից շատերը ուղղակի առանց հիմնավորումների մեղադրում էին անձամբ Մաշային «մեծահարուստ լինելու մեջ», նրանք այն աստիճան էին իջել, որ իրենց քոմենթներում գրում էին. «Փող ունի, տաղանդ չունի» և այսպես շարունակ…
Սակայն, այս բոլոր քննադատությունները հօդս ցնդեցին, երբ Մաշան այսօր հայտարարեց, որ դա իր զգեստը երբեք չի եղել, հագուստը ձևավորել է ռուս երիտասարդ դիզայներ Անաստասիա Զադորինան, իսկ մրցույթից հետո հագուստը հանվել է վաճառքի: Ըստ իս` այս հագուստի պատմությունն ընդհանրապես պետք է չֆետիշացվեր, քանի որ շոուի ասպարեզում գործում են իրենց յուրահատուկ կանոնները, և մենք իրավասու չենք խառնվել և թելադրել մեր կամքը: Ինչ վերաբերում է իմ կողմից մեծ հարգանք վայելող Ստյոպա Սաֆարյանին, ապա ինձ միայն մի բան է զարմացնում, ինչո՞ւ է նա, թողած շատ պետական չինովնիկների շքեղությունը, կենտրոնացել մեդիա աշխարհի շքեղության վրա:
Նյութի աղբյուրը՝ այստեղ