Դասական մոդելը կառուցվում է հետևյալ սկզբունքով` նա պետք է համաշունչ լինի բնության օրենքների հետ. Ուինսթոն Չերչիլ: Հայաստանում սկիզբ դրվեց այնպիսի քաղաքացիական հասարակական ինստիտուտների ձևավորմանը, որտեղ բացակայում է ուղղորդումը, և սա կարելի է համարել հասարակության զարգացման գործում որպես լուրջ ձեռքբերում: Մենք վերջերս շատ ենք խոսում իշխանության վերարտադրման մասին, իսկ դա անհնար է իրականացնել առանց սոցիալական ոլորտի որոշումների հանդեպ հանրության արձագանքի: Երբ տրանսպորտի սակագները բարձրացրեցին, հենց այդ արձագանքին ականատես եղանք և տեսանք, թե այն ինչպիսի դրական արդյունքներ է տալիս: Այսօր բոլորը` սկսած կառավարությունից, վերջացրած լրագրողներով, առանձնացնում և կարևորում են այն փաստը, որ այս ինքնաբուխ շարժման առավելությունը այն է, որ նա չի ուղղորդվում քաղաքական ուժերի կողմից: Առաջին հայացքից այստեղ կարելի է ասել, որ` այո, դա միանշանակ նորմալ երևույթ է, երբ քաղաքացիական նախաձեռնության տարբեր խմբեր միավորվում են մեկ խնդրի շուրջ և լուծում այն, բայց այստեղ կա մի վերապահում, Չերնիշևսկու ասած` «ի՞նչ անել հետո»: Եկեք պատկերացնենք` ինքնաբուխ շարժման մասնակիցները հետո-ի համար ինչ հնարավոր տարբերակներ ունեն. Եվ այսպես`
1. Բավարարվել տվյալ խնդրի լուծումով և այլևս ոչինչ չնախաձեռնել:
2.Շարունակել պայքարը նմանատիպ սոցիալական խնդիրները առաջ քաշելու և նրանց լուծումներ տալու նպատակով:
3. Քանի որ այստեղ առկա են տարբեր խմբեր, ապա հնարավոր է առաջ գա միացյալ շարժման գաղափարը, այդ ժամանակ պետք է հստակեցնել միասնական գործողությունների կանոնակարգը:
Համաշխարհային պրակտիկայի նմանատիպ ինքնաբուխ շարժումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ շարժման մեջ ընդգրկվածները վերջիվերջո միավորվում են քաղաքական գաղափարի շուրջ, այսինքն` ծնունդ է առնում նոր, կենսունակ, պայքարի փորձ ունեցող մարդկային ռեսուրսներով լի կուսակցություն:
Հ.Գ. Այսինքն` սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել` այո, նրանք այսօր չեն ուղղորդվում որևէ քաղաքական ուժի կողմից, բայց վաղը նրանք իրենք են հանդես գալու որպես քաղաքական ուժ, դա է ապագայի իրական պատկերը: Սա լավ է, թե վատ` կյանքը ցույց կտա:
Նյութի աղբյուրը՝ այստեղ