Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը գնալով ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին՝ ելույթ ունենալով ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում կայացած ասուլիսում:

«Թուրքական հռետորաբանությունն առավել ռազմատենչ է դառնում, և հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ակնհայտորեն չի մեղմացնում այն»,- ասել է Սասոլին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Եվրամիությունը չի կարող վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի գործողություններին, այդ թվում և Միջերկրական ծովում:

Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 2-ին արած հայտարարությունն այն մասին, որ 300 սիրիացի գրոհայիններ են մասնակցում ԼՂ հակամարտությանը Թուրքիայի միջոցով, Բրյուսելն Անկարային կոչ է արել չմիջամտել հակամարտությանը ր աջակցել դրա խաղաղ կարգավորմանը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել