168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ թշնամին հերթական կեղծ տեղեկատվությունն է տարածել, որ իբրև Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է. «Փառք Աստծո, նա ողջ և առողջ է և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանն արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։

168.am-ն այսօր խոսեց Ռուդիկ Հյուսնունցի հետ, և հարցին, թե թշնամին ինչո՞ւ է այդքան ահաբեկված Ձեզանից, որ նման կեղծ տեղեկատվություն է տարածում, նա ծիծաղելով պատասխանեց.

«Դե, երևի մի բան գիտեն, էլի, որ ահաբեկված նման բան է անում։ Ես ողջ և առողջ եմ, ինձ հետ ամեն ինչ օկեյ է, իմ պարտականությունները կատարելու մեջ եմ։ Կարծում եմ՝ թշնամին ավելի շատ ցանկանում է խուճապ առաջացնել։ Մեր դրսի հայրենակիցները, այն կարող ուժերը, որոնք տարբեր երկրներից հիմա ժամանում են Արցախ՝ պաշտպանելու հող հայրենիքը, փորձում են նրանց մոտ խուճապ առաջացնել, թե բոլորը զոհվում են։ Դե, պարզ է, փորձում են տեղեկատվական դաշտում ազդել մեր ենթագիտակցության վրա»։

Անդրադառնալով ստեղծված ընդհանուր իրավիճակին, թշնամու գործողություններին և դրա վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին՝ Ռուդիկ Հյուսնունցը հիշեցրեց, որ 1920 թվականի սեպտեմբերի 23-ին Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, և ուղիղ 100 տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ չորս օրվա տարբերությամբ, նույնը կրկնեց՝ արդեն թուրք-ազերի հերոսակախմբերի միջոցով։

«Ցեղասպանությունը 100 տարուց ավելի շարունակվում է, և այս ցեղասպանությունը կանգնեցնելու համար ունենք միայն մեկ ճանապարհ՝ մարտնչել ու պաշտպանել մեր հող հայրենին։ Մեզ համար այս պատերազմը սրբազան պատերազմ է լինելու, մեզ համար սա Հայրենիք է, իսկ թշնամու համար՝ զուտ տարածք, ամբողջ խնդիրը սա է։ Թշնամին իր ծրագրերն ունի, չեմ ցանկանում պանթուրքիզմի վրա ֆիքսվել, որովհետև գիտեք, որ այն գոյություն ունի, և այդ շրջանակներում վտանգված են տարածաշրջանի բոլոր պետությունները։ Այսօր տարածաշրջանը դառնալու է լուրջ պատերազմի թատերաբեմ, եթե քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը, խոշոր խաղացողները ճիշտ քայլեր չանեն և չկանգնեցնեն այս կոտորածը։ Պատերազմն այլ հասկացողություն է, ինքնաոչնչացման ճանապարհով են գնում՝ բոլոր զինատեսակներն ու որքան երկաթ ունեն՝ թափում են մեր ժողովրդի վրա։ Այս ամենն անընդունելի է,  և միջազգային հանրությունը պետք է իր գնահատականը տա։ Կարծում եմ՝ Արցախը սկսել են արդեն ճանաչել, որովհետև այլընտրանք չկա խնդրի լուծմանը, մենք ինքնորոշվել ենք և միշտ ենք ապրել մեր սկզբունքների, դավանանքի, նահապետական սովորությունների, լեզվամտածողության շրջանակներում։ Սա մեր իրավունքն է՝ ամրագրված Հելսինկյան ակտերով։ Ինքնորոշման իրավունք հասկացությունն ավելի բարձր է, քան տարածքային ամբողջականության սկզբունքները»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ, Ռուդիկ Հյուսնունցն ասաց, որ այսօր իրենք իրենց գործն են անում՝ ինքնակազմակերպված պաշտպանում են հայրենի հողը, և քաղաքական նման վայրիվերումներն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց չեն կենտրոնանում դրա վրա։

«Այսօր ով ինչ կարող է՝ թող անի, որպեսզի այս պատերազմը կանգնի, իսկ եթե չկանգնեց, մենք մինչև վերջ կանգնած ենք՝ մինչև վերջին փամփուշտը, վերջին զինվորն ու արցախցին։ Համոզված եմ ու վստահ՝ մենք կանք, առողջ ենք ու հաղթելու ենք»,- եզրափակեց Ռուդիկ Հյուսնունցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել