Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020 թ. հոկտեմբերի 10-ին օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020 թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020 թ. ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949 թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված՝ ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել