Բարձր իշխանական շրջանակներում շրջանառվում է այն մոտեցումը, թե ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո Միացյալ Նահանգներն անմիջապես կլծվի մեր հակամարտության լուծմանը, եւ Ռուսաստանն այլեւս անելիք չի ունենա Հարավային Կովկասում։ Ըստ նրանց, հիմնական խնդիրը մինչեւ նոյեմբերի 3-ը դիմանալն է, երբ տեղի են ունենալու ԱՄՆ նախագահական ընտրությունները։
Աշխարհաքաղաքական այս հաշվարկների առթիվ անմիջապես պետք է ներկայացնել մի քանի ճշգրտում․
- Նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփը եւ Ջո Բայդենը գնում են ուս ուսի եւ որեւէ հստակ երաշխիք չկա, թե կհաղթեն դեմոկրատները,
- Եթե նույնիսկ հաղթի Ջո Բայդենը, ապա նա իր պաշտոնը ստանձնելու է միայն 2021թ․ հունվարի 20-ի երդմնակալությունից հետո,
- Եթե նույնիսկ հաղթի Բայդենը, ապա որեւէ հիմք չկա պնդելու, թե նրա համար 1 խնդիրը լինելու է ղարաբաղյան հակամարտության լուծումը։
Բայդենի քաղաքական ծրագրերում հիմնական առաջնահերթություններն առնչվում են համաճարակի հաղթահարմանը, առողջապահական համակարգին, ԱՄՆ տնտեսությանը, ոստիկանական բարեփոխումներին, քաղաքացիների կողմից զենք կրելու իրավունքին, ներգաղթին, կրթական համակարգին, համաշխարհային կլիմայի վրա ազդեցության սահմանափակմանը։
Թրամփի արտաքին քաղաքականությունը նույնպես հանդիսանում է Բայդենի քննադատության առարկա, սակայն այն հիմնական խնդիրներից չէ։ Իսկ արտաքին քաղաքականության համար Բայդենի առաջնահերթությունները վերաբերում են ամերիկյան ընտրություններում ռուսական տրոլների ներթափանցմանը, ԵՄ եւ Չինաստանի հետ առեւտրատնտեսական սահմանափակումներին, Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի NAFTA համաձայնությանը եւ այլն։
Աշխարհաքաղաքական խնդիրներ Ջո Բայդենն առայժմ չի նշել, իսկ երեկ Արցախի հարցով արած հայտարարությունը (հղումն այստեղ՝ NAGORNO-KARABAKH – STATEMENT BY VICE PRESIDENT JOE BIDEN) նախ թույլ էր, երկրորդ՝ իր արտաքին քաղաքական օրակարգից կտրված էր, եւ երրորդ՝ այն պետք է դիտարկել բացառապես նախընտրական շրջանում ԱՄՆ հայկական համայնքի ակտիվանալուց օգտվելու եւ դրա հիմքի վրա հայկական ծագմամբ ամերիկացիներից ձայներ շահելու համատեքստում։
Հայաստանի այս ճգնաժամային վիճակում ԱՄՆ ընտրությունների հետ կապված հաշվարկներ անելը խելահեղ անպատասխանատվություն է։