Ինչ-որ ժամանակ աշխարհում կար մի փոքրիկ Առվակ: Նա սարից հոսում էր դեպի կանաչ ու գեղեցիկ հովիտը: Եվ ահա մի անգամ նա աննկատ հասավ անապատ: Այստեղ կանգ առավ ու մտորեց. «Հիմա ես ու՞ր գնամ»: Առջևում շատ բան անծանոթ էր ու անհայտ: Չգիտես որտեղից մի ձայն լսվեց. «Մի վախեցիր, ավելի համարձակ եղիր, կանգ չառնես, առջևում դեռ շատ հետաքրքիր բաներ կտեսնես»: Բայց Առվակը շարունակում էր կանգնած մնալ: Նա շատ էր ուզում դառնալ մեծ ու ջրառատ գետ, սակայն վախենում էր փոփոխություններից և չէր ուզում փորձության դիմել: Այնժամ Ձայնը կրկին հնչեց. «Եթե դու կանգ առնես, ապա երբեք չես կարող իմանալ, թե իրականում ինչի ես ընդունակ. պարզապես հավատա քո ուժերին և ցանկացած իրադրությունում կգտնես ճիշտ ճանապարհը, վազիր առաջ»: Եվ գետակը վճռեց վազել անապատով: Նա շատ վատ էր զգում: Անծանոթ տեղանքը և անտանելի շոգը օրեցօր խլում էին նրա ուժերը: Մի քանի օր անց նա ցամաքեց: Եվ ահա գոլորշիացած փոքրիկ կաթիլները հանդիպեցին երկնքում: Նրանք միացան ամպերին, մեծացան և առաջ սահեցին անապատի վրայով: Ամպերը շատ երկար լողացին, մինչև հասան ծով: Եվ Առվակը անձրևի բազմաթիվ կաթիլների հետ թափվեց ծովը: Այժմ նա ձուլվեց մեծ ծովին: Թեթև տարուբերվելով ալիքների վրա` Առվակն ինքն իրեն ժպտում էր: Նախկինում, երբ ապրում էր հովտում, նույնիսկ դրա մասին չէր էլ կարող երազել: Առվակը մտածեց. «Ես մի քանի անգամ փոխեցի իմ ձևը և միայն հիմա ինքս ինձ գտա»:
Մի՛ վախեցիր փոփոխություններից և մի՛ դադարիր ավելի առաջ անցնել նրանից, ինչին արդեն հասել ես: Կյանքի ճամփաներն անսահման են, և երբեք չես կարող գուշակել, թե առջևում ինչ է քեզ սպասում: Կարևորը սեփական ուժերին հավատալն է և վճռական լինելը: Նա, ով ոչինչ չի վտանգում, վտանգում է ամեն ինչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10200163895290872?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել