-Մաեստրո, ծնվել և մեծացել եք երաժշտասերների ընտանիքում, Ձեր մայրը դաշնամուր էր նվագում, հայրը` Կոմիտասի երգչախմբում էր երգում: Ի՞նչ դեր ունեցավ դա Ձեր կյանքի ուղին ընտրելու հարցում:

- Շատ ուշ եմ սկսել խոսել, նմանակում էի, ձայներ հանում, բայց բառեր չէի կարողանում արտաբերել, ծնողներս արդեն սկսել էին անհանգստանալ, որ չեմ խոսի, բայց դրա փոխարեն երաժշտություն էի կարողանում արտաբերել, երգում էի: Հայրս երգել էր Կոմիտասի երգչախմբում, և մեր տանը հաճախ էին հավաքույթներ լինում, որոնց գլխավոր թեման Կոմիտասն էր: Հորս ընկերները երգում էին բազմաձայն, ինչպես իրենց վարդապետն էր սովորեցրել, ես էլ անընդհատ կողքից լսում էի ու կրկնում: 5 տարեկանում սկսեցի խոսել, ու հենց այդ ժամանակ էլ հայրս ինձ տարավ դաշնամուրի դասընթացների: Մեր տանը երաժշտությունն անպակաս էր, մայրս դաշնամուր էր նվագում, հայրս էլ լավ ջութակ էր նվագում:

Մանկությանս հուշերից ամենավառը հորս պատմածներն են Կոմիտասի մասին: Հայրս պատմում էր, որ նա 14 օր հյուր է եղել մեր տանը...

Դիրիժորի վահանակի մոտ առաջին անգամ կանգնել եմ 14 տարեկանում, երբ խմբավարը հիվանդացել էր, ինձ խնդրեցին փոխարինել նրան: Եվ այդ օրը դարձավ ճակատագրական, ես հասկացա, որ սա է իմ կյանքի ուղին: Չգիտեմ` ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ, դա դուք պետք է ասեք... Իհարկե, մանկությանս երազանքը դա չէր, երազում էի նավապետ դառնալ, բայց այն ժամանակ դա հնարավոր չէր հայ մարդու համար:

-Գիտեմ, որ Ձեր հայրը դեմ է եղել, որ Դուք երաժիշտ դառնաք: Երաժշտությանը այդքան մոտ լինելով` ինչու՞ էր նա դեմ Ձեր՝ այդ աշխարհ մտնելուն:

- Հայրս չէր ուզում, որ իր տղան երաժիշտ դառնա, ոչ թե վատս ցանկանալով, այլ լավ իմանալով, որ երաժիշտների կյանքը երբեմն հաջող չի լինում: Վախենում էր, որ ես կայուն կյանք չեմ ունենա, թշվառական կլինեմ: Ինքը նաև կաշվի վաճառական էր ու շատ էր ուզում` ես էլ կաշվի մասնագետ դառնամ: Բայց այդ գործը ես այդպես էլ չսիրեցի ու չշարունակեցի: Ու այդպես էլ, հակառակ իր կամքին, երաժիշտ դարձա: 

-Գենադի Ռոժդեստվենսկին Ձեր մասին ասել է` «Դիրիժոր պետք է ծնվել, դա կարելի է ասել Չեքիջյանի երաժշտական ճակատագրի մասին: Նա ծնվել է դիրիժոր:» Համաձա՞յն եք այս մտքի հետ, Դուք դիրիժոր ծնվե՞լ էիք:

-Ես երաժշտական դաստիարակություն ստացել եմ Փարիզում, ֆրանսիական երաժշտական ճաշակ եմ ձեռք բերել: Բայց ամեն ինչ չէ, որ սովորել կարելի է, օրինակները շատ են: Պարույր Սևակը հանճարեղ մեծություն էր, մտքի թագավոր, բայց ամենավատը ինքն էր իր բանաստեղծությունները արտասանում: Արամ Խաչատրյան` մեծություն, հանճար, բայց ինքն իր ձեռքով իր ստեղծագործությունը ամենավատն էր կատարում, նսեմացնում էր: Նույնը ես, ամենավատը դիրիժորություն եմ անում իմ ստեղծագործած երաժշտությունը: Ամեն ինչ չէ, որ կարելի է սովորել, պետք է ներսից լինի...

-Կուզեի ավելի մանրամասն պատմեիք այն ճակատագրական օրվա մասին, երբ Դուք առաջին անգամ դիրիժորի փայտիկը Ձեր ձեռքը վերցրիք:

-Այո, դա իմ 2--րդ ծննդյան օրն էր. երբ առաջին անգամ փայտիկը ձեռքիս ձեռքերս վեր բարձրացրի, հասկացա, որ նորից ծնվեցի: Ինչպես ասում է ֆրանսիացին, դիրիժորը ծնվում է փայտիկով, և դրանով ամեն ինչ միայն սկսվում է: Որոշում են ոչ թե ձեռքերը, այլ գլուխն ու սիրտը. չէ՞ որ ձեռքերը, վերջին հաշվով, կատարում են սրտի ու մտքի հրամանը: Ուրեմն և ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան թվում է առերևույթ, ձեռքեր մշակելը անհամեմատ դյուրին գործ է, քան մարդկային հոգին ու միտքը: Եվ այստեղ «մշակել» բառն էլ իր տեղում չէ. հոգին ու միտքը պետք է հարստանան, լցվեն կյանքի գույներով ու ձայներով, և եթե դու իրոք արվեստագետ ես, այդ ձայների մեջ պետք է ունենաս քո՛ ձայնը: Ստացվում է արվեստի պարադոքսներից մեկը. մի կողմից` պետք է ձգտել համամարդկային հնչողության, մյուս կողմից` «համայն մարդկության ձայնի մեջ» պետք է լսելի լինի քո ձայնը: Սա հենց այն է, ինչ ժողովուրդն անվանում է «տանիքի եզրով քայլել»: Հավասարակշռության դույզն-ինչ խախտումը պատժվում է անկմամբ: Իսկ այդ անկումն արդեն արվեստագետի մահն է: Աշխարհի մեծ երաժիշտների` Բեռլիոզի, Բեթհովենի, Վերդիի, Մոցարտի անուններով մեզ են հասել նրանց ստեղծագործությունների պարտիտուրները` նրանց մտքերի, հույզերի, պատգամների նոտագրությունը, սակայն նոտաները դեռևս երաժշտություն չեն, դրանք սոսկ միջոց են` արտահայտելու կոմպոզիտորի մտահղացումը: Բայց եթե կատարողը չունի իր սեփական մեկնակետը, ապա այդ միջոցը սոսկ միջոց էլ կմնա: Դիրիժորը պետք է ունենա իր «անտեսանելի ակնոցը», որով կարողանա տեսնել այն, ինչը ուրիշները չեն տեսնում երաժշտության մեջ: Բայց դա չի նշանակում, որ նա իրավունք ունի նոտաներ ավելացնել կամ պակասեցնել: Պետք է կարողանալ կոմպոզիտորի գրածի մեջ թափանցել ու հասկանալ` ինչ է նա ցանկացել փոխանցել, ինչ գաղափար:

Մարդը երբեք չի կարող հասնել կատարելության. ինչքան  մեծանում եմ, այնքան կատարելությունը ինձանից հեռանում է, այնքան ամեն անգամ բեմ բարձրանալիս ես ինձ ավելի պատասխանտու եմ զգում, այնքան ավելի շատ եմ ձգտում հասկանալ ու փոխանցել ունկնդիրներին: 

 -Ո՞ր կոմպոզիտորի գործերն եք ավելի մեծ հաճույքով նվագում, Մաեստրո:

Նախ Կոմիտասի: Կոմիտասը մեր երգի էպոսն է, որտեղ ապրում են ժողովրդի առաքինությունները, նրա դավանանքը, սիրո, ատելության սերմերը: Կոմիտասյան երգարանում  մարդը ինքն էլ այնքան հողոտ-անձրևոտ է, այնպես ներծծված լույսով, թաթախված կալի մղեղի մեջ, որ թվում է ցորենն աճում է ոչ թե հողում, այլ մարդու ափի մեջ:

Իսկ ընդհանրապես` Բեռլիոզ, Վերդի, Բեթհովեն, Մոցարտ... 

-Եթե խոսենք թվերով, 53 տարվա ընթացքում քանի՞ երկիր, քանի՞ նվագախումբ, քանի՞ երաժշտական ստեղծագործություն, քանի՞ համերգ...

-  Շա՜տ: Միայն Հայաստանից դուրս՝ 861 համերգ, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Ամենաշատը՝ Լենինգրադում՝  96 համերգ, այնուհետև՝ Մոսկվայում՝ 90-ից ավելի: Միայն Ֆրանսիայում՝ 43 համերգ: Անհնար է թվարկել: Երկրների ցանկը նույնպես հարուստ է՝ Լեհաստան, Չեխոսլովակիա, Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան, Հունաստան, Սիրիա, Իսպանիա, Շվեյցարիա, Թուրքիա... Աշխարհահռչակ, «մորուքավոր» դահլիճներ, 67 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախումբ, համաշխարհային և հայ դասական կոմպոզիտորների ավելի քան 700 ստեղծագործություն, այդ թվում՝ 40-ից ավելի խոշոր կտավի գործեր: Այս ամենը՝ բնագրով՝ աշխարհի 27 լեզուներով:

Այս «թվաբանության» ետևում, սակայն, ամենօրյա տքնաջան աշխատանք է եղել, սեր է եղել, նվիրում է եղել, առանց որի անհնար է հասնել լուրջ հաջողությունների:

-Ո՞ր երկրի հանդիսատեսին եք առանձնացնում իր յուրօրինակ երաժշտական ճաշակով:

- Դիրիժորի իմ կոչումը, երգչախմբի համերգային կյանքն ինձ տարել են հարյուրավոր քաղաքներ, որոնցից շատերում եղել եմ պարզապես հյուրի նման, ճանաչել եմ հյուրանոցի և համերգասրահի միջև ընկած տարածքը, և փորձերով ու համերգներով գերբեռնված իմ ժամանակակարգը թույլ չի տվել քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել քաղաքի, նրա ապրած պատմական շերտերի կամ այսօրվա մասին:

Սակայն Լենինգրադն ուրիշ է: Քաղաքն ինքը գրքի պես բացվում է քո առջև, և դժվար է անհաղորդ մնալ քեզ այդպես լիաբուռն մատուցվող  դասական գեղեցկությանը, անհնար է զրուցել լենինգրադցու հետ և չհիշել, որ այս խոհուն, պարզասիրտ ու բարի մարդը մաքառում էր ֆաշիզմի դեմ` անլուր զոհերի ու զրկանքների գնով փրկելով մարդկային քաղաքականության լուսավոր օջախներից մեկը, փոխելով Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքը: Հիմա, երբ նայում ես իրենց վեհության մեջ խաղաղ ու անխռով պալատներին, դժվարանում ես պատկերացնել, որ քաղաքն այրվում էր կերոնի պես, Պետերգոֆի պալատները ֆաշիստները դարձրել էին ախոռ և Պուշկինի արձանը գտնելու ու անարգելու համար խոշտանգում էին հարյուրավոր մարդկանց: Հիմա արձանները նորից իրենց պատվանդաններին են, շատրվանները խփում են բարձր ու անթեք, թանգարաններում ամփոփված են մարդկության ապրած բոլոր դարերը: 

Պատերազմը վերապրած յուրաքանչյուր լենինգրադցի ինձ թվում է կենդանի հուշարձան. այստեղ փորձության են ենթարկվել բոլոր առաքինությունները, տոկալու վերջին սահմանները, ողջակեզի հնարավոր ու անհնար պայթյունները:

Ահա թե ինչու ես այդքան բարձր եմ գնահատում և այդքան երկար հիշում լենինգրադյան ծափերը: Այդ ընդարձակ սրահում դժվար չէ նկատել Մեծ հայրենականի վետերաններին, մեր երգչախմբի արտիստները նրանց գիտեն դեմքով, մանավանդ տարեց մի նավաստու, որը բաց չի թողնում ոչ մի համերգ: Արժե երգել այս սքանչելի քաղաքը պաշտպանած և այն կրկին մարդկությանը վերադարձրած մարդկանց համար, և ես միշտ ուրախ եմ, երբ ընթացիկ համերգները դեռ չավարտված՝ պայմանավորվածություն է կայանում հաջորդ տարվա հյուրախաղի մասին: Մեր վերջին՝ թվով 96-րդ համերգը Լենինգրադում իմ մեջ ամենից շատն է տպավորվել: Համերգի ավարտից հետո հանդիսատեսը շուրջ մեկ ժամ սպասել էր դրսում անձրևի տակ, որպեսզի ծափերով ուղեկցի մեր ավտոբուսը: Շատ տպավորված եմ նման վերաբերմունքից:

-Իսկ ի՞նչ կասեք հայ ունկնդիրների մասին, ինչո՞վ են աչքի ընկնում ու տարբերվում նրանք:

 -Հայաստանաբնակ հայերի մեջ ջերմության պակաս կա: Իհարկե, արտերկրում բնակվող մեր հայերը ուրիշ են, նրանց մեջ ամեն հայկականի հանդեպ բաղձալի կարոտ կա: Ամեն հայկական հնչյուն սիրով են ընդունում:

-Ձեր և Ձեր ղեկավարած երգչախմբի մասին մեծարման, հիացմունքի բազմաթիվ խոսքեր են ասել աշխարհի շատ ու շատ նշանավոր երաժիշտներ, հայտնի մարդիկ: Այդ խոսքերից ո՞րն է ամենահոգեհարազատը Ձեզ համար:

- Գովեստի և մեծարման խոսքեր, բարձր գնահատականներ շատ-շատ են եղել: Բայց ինձ համար ամենաարժեքավորը մնում է ԽՍՀՄ ժող. արտիստ, սոց. աշխատանքի հերոս, Լենինգրադի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Եվգենի Մռավինսկու գնահատականը.

«Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ համերգասրահում Հայաստանի պետական երգչախմբի և մեր սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ լսելով Բեռլիոզի «Ռեքվիեմը», որ իրականացրեց դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ես բախվեցի մի այնպիսի մեկնաբանի հետ, որն ինձ ստիպեց մոռանալ պարտիտուրը և իմ պրոֆեսիոնալ վերաբերմունքը երաժշտության հանդեպ: Ես ակամա դարձա սովորական, հիացած ունկնդիր և երջանիկ էի, որ այդպիսի ուրախություն վայելեցի»,- գրել էր Մռավինսկին: Այս պարզ խոսքերը ինձ միշտ ավելի են հուզել, քան բոլոր մյուս շռայլ գնահատականները:

-Հայերը հայտնի են իրենց բազմակարծություններով և համախմբվել չկարողանալով: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում մեկտեղ հավաքել այդքան տարբեր մարդկանց և փայլուն կերպով ղեկավարել նրանց: Ո՞րն է Ձեր գաղտնիքը: 

- Իհարկե հեշտ չի, ինչպե՞ս եք պատկերացնում, որ պետք է հեշտ լինի: Բայց ես ապացուցել եմ ու պետք է ապացուցեմ, որ հայերը համախմբված վիճակում լավ գործ են անում: 

 (Խմբ. Հարցազրույցին ներկա էր մաեստրոյի երգչախմբի երգչուհիներից Լուսինեն, ով ավելացրեց, որ երբ քո առաջ մաեստրոն է կանգնած, օդում ասես կախարդանք թևածի, դու չես երգում քո ձայնով, մաեստրոն քո ձայնի միջից վերցնում է այն ձայնը, որ իրեն պետք է, դա հիպնոզի է նման: Երբ դիրիժորական պուլտի մոտ մաեստրոն է, դա մի անբացատրելի ապահովության զգացում է հաղորդում երգչախմբի անդամներին:)

-Մաեստրո, չե՞ք ասում Ձեր գաղտնիքը:

-Գաղտնիքը ես ինքս էլ չգիտեմ, դա ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Կատարողական արվեստը գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ կա նորին մեծություն ունկնդիրը: Դա հազարներից, միլիոններից կազմված մի հավաքականություն է, որին պետք է սիրել, հարգել, բայց ոչ երբեք` ենթարկվել: Հակառակ դեպքում դու կնմանվես ղեկը կորցրած նավի, որ ենթակա է բոլոր մեծ ու փոքր ալեկոծությունների, ամեն կողմից փչող քամիներին: Սակայն ունկնդրին հանդիպելուց առաջ պետք է կայանա քո և երաժշտության հանդիպումը: Ես միշտ նախանձել եմ այն կատարողներին, ովքեր գործ ունեն որևէ գործիքի հետ: Այստեղ կարող է սխալվել միայն մի կողմը` մարդը: Գործիքը երբեք չի սխալվում: Մինչդեռ երգչախումբ ղեկավարողը պետք է գիտենա, որ քայլում է ածելիի վրայով, հարյուր անգամ բացատրածդ ֆրազը բեմում կարող է չստացվել, իսկ հնչյունը, լույսի նման, հենց պոկվեց ակունքից, դառնում է անհետադարձ. ոչ մի կախարդական փայտիկ այն օդում չի որսա: Մնում է խումբը մարզել այն աստիճան, որ բացառվի անակնկալը: Ամենևին պատահաբար չհիշեցի անակնկալը: Տարբեր առիթներով ես հարցրել եմ փորձված օդաչուների` օդում ինչի՞ց են ամենից ավելի վախենում, և բոլորն էլ, ասես խոսքերը մեկ արած, պատասխանել են` անակնկալից: Հենց այդ անակնկալն էլ իմ գլխավոր թշնամին է, երբ արդեն բեմում եմ:

-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք, որ պատահել են Ձեզ հետ բեմում:

-Հարցնում եք`ի՞նչ կարող է պատահել բեմում: Իսկ ի՞նչ չի կարող՝ ես եմ հարցնում: Բավական է, որ նվագախմբի որևէ կատարող մի էջ շրջելու փոխարեն շրջի երկուսը, և արդեն երևակայու՞մ եք, թե ինչ կկատարվի: Բազմաթիվ անգամներ համերգի պահին մարել են լույսերը… Իսկ այնպիսի զավեշտալի դրվագ, երբ ասենք, բեմի ողջ տարածքով կատուն ընկնում է մկան ետևից, կամ բաց լուսամուտից ներս ընկած չզջիկը խփվում է պատերին, և կամ մեկը տրանզիստորը միացրած անցնում է համերգասրահի մոտով. սրանք հենց այն վթարներն են, որ կարող են աղետի ենթարկել ուզած դիրիժորին, եթե նա մի վայրկյան անգամ տրվի դրսի ազդակներին: Երբ կանգնած ես դիրիժորական հարթակին, գոյություն ունեն միայն բեմն ու հանդիսասրահը և այն պարտիտուրը, որով պետք է ոգեկոչես վաղուց հանգած ու հեռացած ձայները, դարերով բաժանված ժամանակը: Եվ դա պետք է անես այն կենդանի գործիքի միջոցով, որ կոչվում է երգչախումբ: Այս քսան տարիներին մեր խմբին ուղեկցող քննախոսականներում հաճախակի հոլովվում են դիրիժորի ձեռքերը: Ըստ իս՝ երաժշտագետներն ուղղակի գերագնահատում են մեր ձեռքերը: Եթե իմ ձեռքերը կապեն, ես դեռ կարող եմ խումբը վարել, բայց երբ կապեն աչքերս, տեղնուտեղը կհրաժարվեմ: Խմբի հետ իմ փոխըմբռնումը կայանում է ամենևին ոչ արտաքին միջոցներով: Երբեմն ինքս էլ չեմ կարող բացատրել, թե ինչ անտեսանելի թելեր են ձգվում խմբավարից դեպի խումբը, չեմ կարող անգամ ինքս ինձ ճշտորեն պարզել` ինչպես կռահեցին իմ այս կամ այն պահանջը. Մի բան սակայն ակներև է` լիակատար փոխըմբռնումը գալիս է ոչ համերգի սկզբում, դա ստեղծվում է փոխադարձ ներթափանցման, հարյուր մարդուց արտազատվող էներգիայի հոսքը միևնույն կետում հանդիպելու շնորհիվ: Սովորաբար այդ պահերին թվում է, թե բոլոր ձայներն անցնում են մի կոկորդի միջով` այնքան միաձույլ է դառնում երգչախումբ-գործիքը:

Բայց տեղնուտեղն էլ պետք է մի կարևոր վերապահում անեմ. թող չստացվի այն թյուր պատկերացումը, թե այդ երազելի փոխադարձ ըմբռնումը կարող է գալ ինչ-որ գերբնական զորությամբ, դա միայն և բացառապես տևական ջանքերի, հարյուրավոր փորձերի արդյունք է:

- Դուք ապրել եք երեք տարբեր ժամանակաշրջաններում` Ստամբուլ, Փարիզ, Խորհրդային Հայաստան և Անկախ Հայաստան: Այս ամբողջ ընթացքում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել մարդկանց երաժշտական ճաշակը: Ասում են` մեր օրերում երիտասարդությունը դասական երաժշտություն չի լսում...

- Խորհրդային Հայաստան գալուց հետո մեր գործունեությունն աշխարհի հետ էր, այսինքն՝ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն, Պրահա, և իհարկե տարբեր տեղեր կային տարբեր ճաշակի ունկնդիրներ, բարձր ճաշակի ունկնդիրներ` ամեն ինչ տեսած: Եվրոպան մնում է Եվրոպա: Իսկ հիմա մեզ մոտ ամենամեծ խնդիրը օտարամոլությունն է: Բոլորս երազում էինք անկախ Հայաստան ունենալ, ես էլ դա երազողներից մեկն եմ եղել, բայց Անկախ Հայաստանն առաջինը իր հետ օտարամոլություն բերեց: Օտար երաժշտությունը եկավ, ողողեց մեր իսկական, հայկական, տոհմիկ երաժշտությունը: Եթե Կոմիտասը երաժտության աշխարհում ընտրում էր ամենալավ ծաղիկները և փունջ էր կազմում, հիմա Կոմիտասը մշակում են, վերցնում են, չգիտեմ ինչ են անում: Կոմիտասին մշակողը պետք է նրանից բարձր լինի, իսկ քանի որ նման բան հնարավոր չէ, դա սրբապղծություն է: Մեզ պատիվ չի բերում ռաբիզը, Նարեկացի լսող ժողովուրդը չի կարող մերօրյա սուտ բանաստեղծներին լսել: Թացն ու չորը խառնվել են: Մենք հայ արվեստի կրողն ենք, ուստի հիմնականում պիտի քարոզենք այն, հետո միայն ցույց տանք եվրոպական երաժշտության կատարման մեր ոճն ու տեխնիկան: Եվ գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, երբ Վերդիի  «Ռեքվիեմ»-ից կամ Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայից» հետո ժողովրդի ծափերի տակ սկսում ենք երգել Կոմիտաս: Նա շողում ու փայլատակում է որպես իսկական ադամանդ: Այդ ադամանդով էլ սովորաբար փակում ենք մեր համերգները: Իմ նպատակը հայ արվեստին ծառայելը, ֆանատիկ կերպով իմ ազգի երաժշտությունը բարձրարվեստ մատուցելը և դրանով իսկ մարդկանց սրտերը ջերմացնելը, դահլիճի համակրանքն ու սերը շահելն է: 

-Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս ճիշտ մեկնաբանեն Կոմիտասին:

 – Եթե վրացիները Կոմիտաս ունենային, հիմա նա անսահմանության պետք է հասած լիներ: 

Դասական երաժշտությունը հենց այնպես չի լինում: Դասական երաժշտությունը պահպանելու համար նախևառաջ Կոնսերվատորիան պետք է լավ կադրեր տա: Կոնսերվատորիայում դասական երաժշտության հետևորդները գնալով նվազում են, որը լավ բան չի խոստանում: Այս ամենի կողքին կա նաև լավը: Ունենք լավ, համարձակ երիտասարդներ, ովքեր զբաղվում են դասական երաժշտությամբ:

-Մաեստրո, Դուք անցել եք շուրջ կեսդարյա փառահեղ ճանապարհ` Ձեր ուրույն հետքը թողնելով հայ-ազգային երգարվեստի, մասնավորապես երգչախմբային արվեստի պատմության մեջ: 52 տարին շա՞տ է, թե՞ քիչ: 

Չեմ հոգնել իմ գործից, չեմ հոգնում երաժշտությունից, բեմից, երգչախմբից.  չգիտեմ՝ 52 տարին շա՞տ է, թե՞ քիչ: Գիտեմ,  այդքան էլ շատ չէ: Այնքան հագեցած են եղել տարիները, որ երբեմն ինձ թվում է, թե 52 տարվա ընթացքում ոչ մի րոպե չեմ հանգստացել՝ այս բառի ավանդական իմաստով: Ամեն անգամ բեմ բարձրանալիս ասես առաջին անգամ բարձրանամ, ասես առաջին անգամ քննության գնամ, չհավատաք մեկին, ով կասի, թե բեմ բարձրանալիս չի հուզվում, առանց հուզմունքի ու ներքին դողի հնարավոր չի բեմ բարձրանալ: Ստեղծագործություն կա, որ արդեն 1000 անգամ նվագել եմ, բայց ամեն անգամվա հանդիսատեսը ուրիշ է, դահլիճը ուրիշ է, տրամադրությունը ուրիշ է, երկինքն ուրիշ է,  պետք է կարողանալ այդ օրվան համապատասխան տրամադրությամբ փոխանցել մարդկանց:

Եվ հետո, ոչ մի համերգ, անգամ կրկնվող ծրագրով, նման չէ նախորդին, միշտ նոր նրբերանգներ, նոր ելևէջներ, նոր հայտնագործություններ կան, որ ծնվում են հենց համերգի ընթացքում: Սա արվեստի հրաշքն է, ստեղծագործության, երաժշտության հրաշքը: Չէէէ, ուրեմն 50 տարին դեռ քիչ է... Մեր գործը նաև «անշնորհակալ» գործ է. հնչեց՝ անցավ-գնաց: Ճիշտ է՝ ձայնագրություններ մնում են, բայց դա այն չէ, ինչ կենդանի կատարումը: Հույս ունեմ, որ այն, ինչ ստանում է ունկնդիրը լավ համերգից, ենթագիտակցորեն  նրան ուղեկցում է ողջ կյանքում: 

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր այսօրվա սերնդին:

-Երիտասարդներին խորհուրդ կտամ պահպանել Աստծո 10 պատվիրանները, չծխել, չխմել և հավատարիմ մնալ ավանդույթներին: Ինչպես նաև խորհուրդ կտամ, որ ամեն մարդ չձգտի բեմ բարձրանալ:

-Մի երկու խոսքով կպատմե՞ք Ձեր ապագա ծրագրերի ու սպասվող համերգների մասին:

-Մենք դեռ շատ անելիքներ ունենք ու կշարունակենք մեր աշխարհասփյուռ հայերին ու, ինչու չէ, ամբողջ աշխարհին ներկայացնել հայկական անաղարտ ու անապական երաժշտությունը, Կոմիտասի երաժշտությունը:

-Շնորհակալ եմ, Մաեստրո, մաղթում ենք Ձեզ առողջություն և երկար տարիների ստեղծագործ ու բեղմնավոր կյանք: Շարունակեք մեզ փոխանցել հայկական երաժշտության թաքնված գանձերը:

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել