Armday.am-ը գրում է.

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր և բազմամարդ երթեր են կազմակերպել Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Արգենտինայում «Հայ դատի» գրասենյակը:

Հոկտեմբերի 3-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Բուենոս Այրեսում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանություններ դիմաց: Երթի և ցույցի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական հարձակումների, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին:

Երթը կազմակերպել են տեղի հայկական կազմակերպությունների՝ «Դաշնակցություն» կուսակցության, Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միության և «Համազգայինի» ներկայացուցիչները:

«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են շարունակել 1915 թվականին սկսած Ցեղասպանությունը՝ օգտվելով համավարակի իրավիճակից: Միջազգային հանրությունը կգործի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր երկրում բողոքի ձայն բարձրացվի, որտեղ ապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները»,- հայտարարել է ցույցի կազմակերպիչներից Ագուստին Անալյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել