Տարոն Մարգարյանը, կասեցնելով տրանսպորտի սակագնի թանկացման մասին իր որոշումը, շանս ձեռք բերեց վերականգնելու իր սասանված հեղինակությունը կամ գոնե թույլ չտալու, որ այն է՛լ ավելի սասանվի:
Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ տեսնում ենք ճիշտ հակառակ հետևանքների բերող քայլեր՝ քաղաքապետարանի կողմից: Դատեք ինքներդ, բավ էր, որ մի քանի տասնյակ ակտիվիստներին ցրելու համար սկսեին անհեթեթ միջոցներ ձեռնարկել, այն է` օրը 24 ժամ քաղաքապետարանի շրջակայքի խոտածածկերը ջրել, ինչ է թե ակտիվիստները նստելու տեղ չունենան, և բարձրացավ ոչ այնքան բողոքի, որքան ծաղրուծանակի նոր ալիք:
Ֆեյսբուքը հիմա ողողված է բազմաթիվ դեմոտիվատորներով ու ստատուսներով, որոնք դաժան կատակներ են անում քաղաքապետարանի ու քաղաքապետի հասցեին: Եվ որ հարցերի հարցն է՝ հանուն ինչի՞: Մի՞թե այդքան սարսափելի բան է հանդուրժել ակտիվիստներին ու նրանց պահանջները (տեսեք, չեմ էլ ասում ընդունել կամ համաձայնվել): Մի՞թե հանուն նրա, որ չհնչեն Հենրիկ Նավասարդյանի ու Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող կոչեր, արժեր դիմել նման ոչ խոհեմ քայլերի՝ էլ ավելի անլրջացնելով Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետի ընկալումը հանրության աչքերում:
Վստահ եմ, որ չարժեր:
Չգիտեմ, թե ջրերը միացնելու նախաձեռնությունը որտեղից է սկիզբ առնում, բայց եթե գործ ունենք Տարոն Մարգարյանին իբր պաշտպանելու միտում ունեցող նրա ենթակաների հերթական անհեթեթ ինքնագործունեության հետ, ապա կարծում եմ, որ առաջին հերթին հենց Տարոն Մարգարյանը պետք է գիտակցի, որ իրեն հերթական անգամ արջի ծառայություն են մատուցում, ու շուտափույթ կասեցնի այս անհեթեթությունը: Համենայն դեպս, սա բարի խորհուրդ՝ իմ կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/209915395831158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել