Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, ինչն արտակարգ զգոնություն է պահանջում կենսագործունեության բոլոր բնագավառներում: Իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային և պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության և ախտոտվածության  ցուցանիշների շրջանակը:

Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից:

Տեղեկացնենք նաև, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետևում են Սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի:

Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել