Քիչ առաջ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով: Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ ևս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին:
Այս տվյալները հաստատել են մի շարք պետություններ, ինչպես նաև դրանք շարունակում են հաստատվել
միջազգային լրատվամիջոցների հրապարակումներով:
The guardian-ի, օրինակ, սեպտեմբերի 30-ին հրապարակել է Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընտանիքների հետ հարցազրույցներ ու դրանով ևս մեկ անգամ հավաստել, որ նրանք պատերազմում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Կից նյութն այստեղ՝ Nagorno-Karabakh: at least three Syrian fighters killed
Սա կբերի հումանիտար աղետի, Հայաստանից ու Արցախից բացի, նաև ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաև դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով:
Զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ արձանագրվող թիրախային հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ագրեսիվ ատելությունն ու բռնության կոչերը էթնիկ հայերի նկատմամբ ստեղծում են բոլոր նախադրյալներն առավել ծանր հետևանքների համար:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 հատուկ բանաձևով խիստ դատապարտել է վարձկանների օգտագործումը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, դա համարել ինքնին հանցագործություն, սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն հնարավորություններով: Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր:
Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են: Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակություն ու երաշխավորվում
մարդու իրավունքները:
Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները: