Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել են Սիրիայից և Լիբիայից զինյալների՝ դեպի Լեռնային Ղարաբաղ տեղափոխման հետևանքով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը: 

«Հանդիպման մասնակիցները մատնաշել են Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված տարածաշրջանում ծայրահեղ վտանգավոր դրությունը»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:

Նա ընդգծել է, որ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել