Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ իրավաբան Արմեն Խարազյանի հետ Tert.am-ը զրուցել է այս օրերին ղարաբաղա–ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառների, հակամարտության հանդարտեցման գործում միջազգային հանրության և հայկական կողմի քաղաքականության մասին: Արմեն Խարազյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում ամենավճռական գործոնը Երևանի ու Ստեփանակերտի համերաշխ, մեթոդիկ գործողություններն են՝ ագրեսիան ետ մղելու և հակառակորդին շփման նախկին գծից դուրս հրավիրելու համար։ «Մենք հաղթում ենք, երբ միասնական ենք։ Իսկ երբ հաղթում ենք, բարեկամները շատանում են»,- ասում է նա։  

– Պարոն Խարազյան, Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ սահմանի ամբողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներում: Հայկական կողմի համար Ադրբեջանի մտադրությունը, կարծես թե, կանխատեսելի էր: Ձեր տպավորությամբ` ի՞նչը դարձավ նախադրյալ նման մասշտաբով գործողություններ սկսելու համար:

– Պատճառը մի շարք գործոնների փոխազդեցությունն է։ Միջազգային անվտանգության համակարգում այսօր հեղհեղուկ իրավիճակ  է, որն ավելի բարդացել է վերջին տարիներին գլոբալ քաղաքականության մեջ իր առաջատար դիրքերից ԱՄՆ-ի շեշտակի նահանջի պատճառով։ Դա ազդել է նաև Հարավային Կովկասում ու հարակից շրջաններում, օրինակ՝ Միջին Արևելքում ուժերի հարաբերակցության վրա։ Մինչդեռ, նույն տարածաշրջաններում Ռուսաստանն ու Թուրքիան գործելու ավելի մեծ հնարավորություն են ստացել։ Սա թույլ է տվել, օրինակ, որ Թուրքիան հավակնություններ ներկայացնի Միջերկրական ավազանում, մասնավորապես Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Էգեյան ծովում։ Թվում  է, որ Անկարան այսօր փորձ է անում այդ հավակնությունները բերել նաև Հարավային Կովկաս։ Ինչպես հայտնի է, Թուրքիան ու Ռուսաստանն այս տարածաշրջաններում ունեն շահերի ու հարաբերությունների բազմանիստ, փոփոխվող դինամիկա։ Դրանք, երբեմն, համադիր են միմյանց, երբեմն՝ մրցակից։ Ինձ թվում է, որ Կովկասում Թուրքիան փորձում է այսօր Ռուսաստանից ստանալ Ադրբեջանի համար ձեռնտու լուծումներ՝ փոխարենը Ռուսաստանին առաջարկելով համարժեք հնարավորություններ այնտեղ, որտեղ Մոսկվան դրանց կարիքն ավելի շատ ունի՝ օրինակ, Սիրիայում կամ Լիբիայում։ Չի բացառվում, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկուստեք շահ են տեսնում այս փոխհարաբերության մեջ։ Երրորդ գործոնն Ադրբեջանի ռևանշիզմն է։ Բաքվի տեսանկյունից, այսօրվա միջազգային իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել ժամանակին կորցրածն ուժով վերականգնելու համար, հատկապես կորոնավիրուսի և ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի ֆոնի վրա, երբ միջազգային ուշադրությունը ցրված է, իսկ միջամտելու կարողությունները՝ սահմանափակ։ Վերջապես, կարևոր գործոն է նաև Հայաստանի ժողովրդավարացումը։ Ռուսաստանում այն սառնությամբ է ընդունվել, որովհետև էությամբ օտար է կառավարման այն մոդելին, որով Մոսկվան է առաջնորդվում։ Սա, իմիջիայլոց, մեկ այլ ոլորտ է, որտեղ Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի շահերը մեկ տեղ են համադրվում, քանի որ երեքն էլ ավտորիտար, կոռումպացված համակարգեր են։ Այս ամենին պետք է ավելացնել նաև Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակն իր բոլոր խնդիրներով, ներառյալ կառավարող ընտանիքում իշխանության պահպանման հարցը։ Կարծում եմ, որ պատերազմի այս բռնկումը նշված գործոնների փոխազդեցության հետևանք է։    

– Իրավիճակի լարվածության ֆոնին հայաստանյան քաղաքական ուժերը բարձրացրին Արցախի՝ Հայաստանի կողմից ճանաչման և Արցախի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հարցերը: Դուք ի՞նչ եք մտածում դրա վերաբերյալ, արդյոք պահը նման պահանջնե՞ր դնում է: Ի՞նչ կարող է դա մեզ տալ  և ի՞նչ խնդիրներ առաջացնել մեզ համար ստեղծված իրավիճակում:

– Դրանք կարևոր ու արդիական հարցադրումներ են։ Գուցե ժամանակն այդ պահանջը հասունացրել է, կամ գուցե դրան պետք է ավելի լավ պատրաստվել։ Ամեն դեպքում, կասկած չունեմ, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարություններն ավելի լավ են պատկերացնում գաղափարի դրական ու բացասական կողմերը, ավելի լիարժեք են տիրապետում որոշում կայացնելու համար անհրաժեշտ գիտելիքին, և պետք եղած որոշումը կընդունեն, եթե զգան, որ դրա ժամանակը եկել է։ Մյուս կողմից, այսօր Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է, և Հայաստանի կողմից Արցախի պաշտոնական ճանաչումը որևէ կերպ չի փոխելու այդ խնդրին Հայաստանի արդեն իսկ աներկբա հանձնառությունը՝ բոլոր առումներով։ Նույնը՝ ռազմաքաղաքական համաձայնագրի մասին։ Ի՞նչ նոր բան պետք է անի այդ համաձայնագիրը, որն առանց դրա Երևանն ու Ստեփանակերտն արդեն չեն անում, կամ չեն կարող անել։ Դեկլարատիվ արժեքը մի կողմ, ինձ ավելի կարևոր է թվում գործը, քան խոսքը։ Գուցե, պետք է ավելի շատ գործ անել ու ավելի քիչ հայտարարել դրա մասին։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել