Մինչ մենք սևեռված ենք Հայաստանի ներքաղաքական հարցերի վրա, դեպքերը սրընթաց արագությամբ դեպի վատն են զարգանում Եգիպտոսում: Իրավիճակը մեկին մեկ հիշեցնում է Սիրիայում տիրող իրավիճակը՝ ուղիղ երկու տարի առաջ: Փաստացի, երկիրը կանգնել է քաղաքացիական պատերազմի շեմին, եթե չասեմ, որ այդ պատերազմն արդեն սկսվել է:
Անցած հանգստյան օրերի ընթացքում զոհվել է գրեթե 100 մարդ՝ ոստիկանության և «Եղբայր մուսուլմանների», ինչպես նաև գահընկեց արված նախագահ Մուրսիի հակառակորդների և «Եղբայր մուսուլմանների» միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Ավելին, Եգիպտոսի ԶՈւ-ն 2-րդ և 3-րդ դաշտային բանակներն է մտցրել Սինայի թերակղզի, որտեղ ամրացած է շուրջ 1000 լավ զինված մարտիկներից բաղկացած «Եղբայր մուսուլմանների» զորամիավորումը:
Մինչդեռ Կահիրեում ցույցերը շարունակվում են: «Եղբայր մուսուլմանների» առաջնորդները խոսք են տվել վերադարձնել Մուրսիին իշխանության մինչև Ռամադան սուրբ ամսի ավարտը և տասնյակ հազարավոր իրենց կողմնակիցների հանել են փողոց, իսկ այդ կողմնակիցները իսլամիստներ են՝ հաճախ զինված:
Ոստիկանությունն ու բանակն էլ պաշտոնապես զգուշացրել են, որ եթե «Եղբայր մուսուլմանները» չհանդարտվեն ու իրենց կողմնակիցներին փողոցներից դուրս չհանեն 48 ժամվա մեջ, ապա բանակն ու ոստիկանությունը կանեն դա հնարավորինս չոր ձևով:
Հիշեցնեմ, որ հենց այսպես էլ սկսվեց սիրիական ճգնաժամը՝ Հոլմս քաղաքից, որտեղ սկզբում իբր խաղաղ ցույցեր էին, հետո սկսեցին մարդիկ զոհվել (ընդ որում, ավելի շատ ոստիկան ու զինվոր էր զոհվում, քան «խաղաղ ցուցարար»): Այնպես որ, արաբական աշխարհը եռ է գալիս, ու դատելով զարգացումներից` այն շուտով կպայթի քաղաքացիական ու միջպետական պատերազմների ալիքի տեսքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/209890949166936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել