Armtimes.com-ը գրում է․
Ադրբեջանը տապալել է օպերացիան: Հայկական զինված ուժերը նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: «Հայկական ժամանակին» երեկ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտնեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին շփման գծի ամբողջ երկայնքով: Դրան հաջորդեց Արցախում եւ Հայաստանում ռազմական դրություն եւ զորահավաք հայտարարելու մասին համապատասխան որոշումները: Այսպիսի լայնամասշտաբ գործողություններ, ըստ ՊՆ-ի, Ադրբեջանը նախապես է պլանավորել:
Թեմայի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարո՛ն Հովհաննիսյան, շատ խոսվեց, որ սա պլանավորված հարձակում էր: Ըստ Ձեզ՝ Տավուշյան մարտերից հետո՞, թե՞ առաջ էր պլանավորվել, եւ արդյոք Տավուշյան մարտերը Ադրբեջանը որպես խա՞յծ էր օգտագործել մեծ գործողությունից առաջ:
- Դժվար է այդպիսի վերլուծություն անել, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հստակ ասել, թե սա որ պահից էր պլանավորված եւ Տավուշի հետ ինչ հարաբերակցության մեջ էր: Բայց որ սա լայնածավալ պլանավորված եւ բազում տարբեր զորավարժությունների ժամանակ փորձարկված թուրք-ադրբեջանական տանդեմի թուրքական լիարժեք աջակցությամբ օպերացիա էր՝ տեխնիկական համալրմամբ, դա փաստ է, ոչ մի կասկած չի հարուցում: Կարելի է ասել՝ ամբողջ ադրբեջանական բանակը՝ իր ողջ ներուժով, սպառազինության ծավալով անցել է լայնածավալ հարձակման Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ, ու սա չէր կարող կարճաժամկետ պլանավորմամբ իրականացվել:
- Այսինքն՝ ամիսներ առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված զորավարժությունները նախապատրաստությո՞ւն էին:
- Իհարկե, միանշանակ այո:
- Թեեւ դեռ վաղ է գնահատականների համար, բայց, այնուամենայնիվ, ռազմավարական տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով առկա տեղեկատվությունը:
- Իմ կարծիքով՝ օպերացիայի սկսվելուց հաշված ժամեր անց մեծ հաշվով առավելությունը մեր կողմն է եղել, որովհետեւ նախաձեռնությունը վերցրել ենք մեր ձեռքը, հարձակման թափը կոտրված է: Հարձակվողները, կազմելով բավականին մեծ խմբավորումներ (տասնյակ հազարների հասնող) եւ մշակելով բանակային կորպուսների առնվազն առանձին օպերացիաներ, իսկ ավելի հավանական է՝ միասնական բանակային օպերացիա, բնականաբար, խնդիր չէին դրել 1-2 դիրք վերցնել, այլ ավելի խորքային խնդիրներ էին դրել: Առաջիկա խնդիրը, որ դրվում է բանակային կորպուսի առաջ, դա մոտավորապես դիմացի գնդի գրավումն է, իսկ դա 15-20 կիլոմետր խորություն է: Պարզ է, որ, ըստ էության, այդ խնդիրը չի լուծվել, եւ դա նշանակում է, որ օպերացիան տապալվել է, եւ նախաձեռնությունը մեր ձեռքում է: Էլ չասած, որ, 24 ժամը չլրացած, նույնիսկ չնչին ձեռքբերումները, որոնք, ըստ էության, գումարտակային ու գնդային մակարդակի հաջողություններ կարելի էր համարել Ադրբեջանի համար, հետ են վերցվել: Այսինքն՝ հայկական զինված ուժերը հակագրոհել են եւ հետ են վերցրել անմիջապես ադրբեջանական «հաջողությունները»: Հետեւաբար խոսել ադրբեջանական զորքերի հաջողությունների մասին ընդհանրապես տեղին չէ: Այս պահին 30-35 ժամ մարտերը շարունակվում են: Այս ընթացքում մեկ միասնական ու ընդհանուր հարձակումից բացի, առանձին եւս մի քանի տասնյակ հարձակվողական փորձեր են կատարվել փոքր ուժերով, ու դրանք բոլորն անխտիր հետ են մղվել՝ հակառակորդին պատճառելով զգալի մարտական կորուստներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ