Այսօր այլևս ակնհայտ է դառնում, որ հայկական զինուժը գնում է դեպի հաղթանակ: Իհարկե, հաղթանակի ձևակերպումն է անչափ կարևոր: Այն պետք է լինի Հայաստանի տարածքների նոր ազատագրման և խնդիրը մեկընդմիշտ փակելու տեսքով:
Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ զինված ուժերում, չնայած մեր անգին կորուստներին, մարտական ոգին բարձր է: Հայտնի է նաև, որ թերևս այլևս կորցրած տարածքներ կա՛մ չունենք, կա՛մ դրանք աննշան են: Փաստորեն, նախորդ օրերի դիրքային կամ տարածքային կորուստները հիմնականում կամ ամբողջությամբ վերականգնվել են:
Հիմա մեր առջև առաջիկա օրերին թերևս խնդիր է ծառանալու` կատարել ՊՆ նախարարի խոստումը` «Նոր տարածքներ նոր պատերազմի» դիմաց: Առանց դրա դժվար է լինելու պատկերացնել հաղթանակի լիարժեք ձևակերպում ազգային գիտակցության մեջ: Ստատուս քվոյի վերականգնումը հասարակությունը դժվար թե այլևս ընդունի որպես հստակ հաղթանակի վկայություն:
Իհարկե, թշնամու պլանների և զորքերի ջախջախումն իր տեսակի մեջ նույնպես հաղթանակ է լինելու, բայց դա այն հաղթանակը չէ, որ երկարատև խաղաղություն կապահովի:
Այսօր արձանագրվող հաջողությունների շղթան անհրաժեշտ է շարունակել և կանգ չառնել:
Հաղթանակը պետք է ամբողջական և համապարփակ լինի և ամբողջանա` Արցախի`ՀՀ-ին վերամիավորմամբ: Ո՛չ անկախության ճանաչմամբ և ո՛չ Սերժ Սարգսյանի միտք հանդիսացող ռազմական փոխօգնության անհեթեթ պայմանագիր ստորագրելով:
Մենք դա կարող ենք անել:
Մենք կարող ենք հաղթել:
Մենք հաղթելու ենք: