Հայաստանում ծաղկում են բուքմեյքերական ընկերությունները, դրա վառ ապացույցը վիրտուալ բոլոր հարթակներում նրանց ագրեսիվ, արդեն անտանելի դարձող գովազդն է: Չես կարող մի հոդված կարդալ կամ մի տեսանյութ դիտել առանց էկրանն ամբողջովին փակող նման ընկերությունների գովազդի: Հասել ենք այնտեղ, որ կայքերում հոդվածը մի քանի վայրկյան ամբողջովին ծածկում է նման գովազդը, և փակելու տարբերակ նույնիսկ չունես: Այս աստիճանի ամենաթողություն ու սպառողի իրավունքների կոպիտ խախտում նախկինում չկար, հաստատ ավելի լավ կլիներ, եթե մնային գրասենյակները, պահպանվեին հարյուրավոր աշխատատեղերը, տարածքի ու կոմունալ վճարներ կատարեին, սոցվճարներ անեին, քան թե փողերը տային միջազգային կորպորացիաներին` google, YouTube, Facebook և այլն: Ի՞նչ շահեց պետությունը, ոչինչ, դարձյալ ամեն քայլափոխի կազինոյի գովազդ է ու ավելի հասանելի, քան նախկինում էր: Կա՛մ կարգավորեք ոլորտը, կա՛մ եթե տարբերակ չկա, գոնե թողեք՝ այդ միլիոնները մնան մեր երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: