
Mrdik.am-ը գրում է.
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը այն մարդկանցից է, ով կողմ է եղել տրանսպորտի թանկացման դեմ պայքարող բողոքի ակցիաներին և մասնակցել է free.car ակցիային: Mardik.am-ի հետ զրույցում ռեժիսորը հաջողություն է համարում տարբեր խմբերի համախմբումը բողոքի ակցիաների ժամանակ. «Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հարկ եղած պահին մենք համախմբվում ենք, որը շատ լավ է, քանի որ շատերն արդեն հույսները կորցրել էին»:
Նրա խոսքով` տրանսպորտի թանկացումը պայմանավորված էր գազի գնի թանկացմամբ, եթե այն ժամանակ այսքան մարդ մասնակցեր, ապա տրանսպորտի սակագնի բարձրացում չէր լինի:
Ինչ վերաբերում է Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականների պահանջին, երիտասարդները ցանկանում են ցույց տալ, որ անպատժելիության մթնոլորտը չեն հանդուրժելու:
Ռեժիսորը մտահոգիչ համարեց երեկ գիշեր նստացույց անողների վրա շանտաժի նպատակով ուղարկված տրանսվեստիտներին, ինչպես նաև դրա նկարահանումը ոստիկանության կողմից: «Ուզում են հանրությանը ցույց տալ, որ իբր տրանսվեստիտները ակտիվիստների հետ են և պրն Մարգարյանի դեմ պայքարում են հենց տրանսվեստիտները: Իսկ իրականում ում հովանավորությամբ, որ շենքի տակ են կանգնում տրանսվեստիտները արդեն քանի տարի»,- հիշեցնում է զրուցակիցս:
Պրն Զաքարյանը խորհուրդ է տալիս ակցիայի մասնակիցներին թույլ չտալ իրենց արդար շարժումը քաղաքականացվի որևէ քաղաքական լիդերի, սուտ ընդդիմության ներկայացուցիչների կողմից, հակառակ դեպքում շարժումը կտապալվի, ինչպես եղել է Հայաստանում վերջին 25 տարվա ընթացքում. «Ես շարունակում եմ նաև free.car ակցիան, ընդ որում`առանց շոուի ի տարբերություն ոմանց: Խորհուրդ եմ տալիս շատերին միանալ այդ ակցիային, քանի որ կան մարդիկ, որ էդ 100 դրամն էլ չունեն տրանսպորտ նստելու»- եզրափակեց Արշակ Զաքարյանը: