Տեսնես ու՞ր կհասնի մեր երիտասարդությունը այս հաղթանակից հետո: Ո՞ր հարցին հետամուտ կլինի, ո՞ր ճանապարհով կգնա: Այսօր արդեն հնչեցին քաղաքական հրավերներ՝ մտնելու «խելոք» այրերի գծած տարածքներ: Ժողովուրդն էլ իր իղձն ունի՝ ազատվեինք այս բռնակալությունից...
Ես էլ իմ իղձն ունեմ ու պիտի ասեմ: Ելներ մեր երիտասարդությունը. ծով կապեր, ծփար... Որ կողմը նայեր՝ մայր մշակույթի, լեզվի ու բանի, երգի ու պարի գոհարակերտ բարձունքներ տեսներ: Չորս կողմը լեռներ - Հայկական Պարը, Արարատը, Արագածը... Հետո ավելի հեռուն նայեր... Հետո կանչեր՝ այսօր պիտի Մնձուր լեռներ գնանք՝ էն արևոտ հովիտները, էն կանաչ կիրճերը, էն հովվերգական աշխարհը, էն չկորուսյալ հայրենիքը: Ելներ ու գնար - ճանապարհին նրա դեմ ելներ էն լեռների երգիչը՝ Հակոբ Մնձուրին, հետո գար Համաստեղը, Հակոբ Օշականը... Եվ նրան տանեին խնկահոտ արևմտահայերենի աշխարհը: Այդ ժամին Հայաստան բառից վերջապես պոկվեին, ընկնեին «Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն: Մեր երիտասարդությունը տեր դառնար ՀԱՅՔ երկրի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ մշակույթին... Այդ վայրկյանին կփոշիանային մեր բոլոր ցավերը, հողին կզարկվեին բոլոր բռնատիրությունները, մեր բոլոր արատները...
Այն ժամին, երբ մեր երիտասարդությունը տեր կդառնա իր ՄԱՅՐ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, այնժամ մենք կապրենք: Ահա այն գոհարե բարձունքը, որ սպասում է նրան... Ավագներ, ահա Ա՜ՅՍ բարձունքը պետք է ցույց տաք նրան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/568629139861739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել