Մի քանի օր շարունակ հայ օգտատերերը համացանցում քննարկում են Լեդի Գագայի նոր՝ «911» տեսահոլովակը, որի ռեժիսոր Թարսեմ Սինխը ոգեշնչվել է անվանի հայ ռեժիսոր եւ նկարիչ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Պակաս ոգեւորիչ չէ այն փաստը, որ երգչուհու եւ տեսահոլովակի կերպարներից մի քանիսի շուրջ աշխատել է Լոնդոնում ստեղծագործող ազգությամբ հայ դիզայներ, նկարչուհի Կարինա Հակոբյանը. հենց նրա երեւակայության արդյունքն են «Ծաղկե այլմոլորակայինը» եւ Գագայի կարմիր տոպը: (ի դեպ, տեսահոլովակի կերպարներից մյուսն էլ՝ Թագավորը, կրում է մեր մեկ այլ հայրենակցուհու՝ Մարիաննա Հարությունյանի պատրաստած ոսկե գլխազարդը):
NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարինայի հետ, որի ընթացքում պարզել ենք՝ ինչպես եւ որքան ժամանակում է պատրաստել Գագայի տեսահոլովակի լուքերը, ինչ ազդեցություն ունի իր արվեստի վրա Սերգեյ Փարաջանովը եւ որքանով են իրեն ոգեշնչում Հայաստանն ու հայկական մշակույթը:
Կարինա, շնորհավորում եմ Լեդի Գագայի հետ համագործակցության համար: Առաջին անգամ էիք աշխատում միասին, ի՞նչ զգացողություններ ունես:
Այս ամենն անհավանական է թվում: Այո, առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց հուսով եմ՝ ոչ վերջին:
Ինչպե՞ս ստացար նրա հետ համագործակցելու առաջարկը:
Ինձ նկատել են նրա ոճաբան Նիկոլա Ֆորմիչետիի թիմից: Երբ ինձ դիմեցին, ասացին, որ նրա տեսահոլովակի ոճը շատ նման է իմ դիզայներական ձեռագրին, դրա համար էլ ցանկանում էին, որ ես էլ աշխատեմ կերպարներից մի քանիսի շուրջ: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ տեսահոլովակը ոգեշնչված է լինելու Փարաջանովի ֆիլմից: