Տոկելաուն աշխարհի ամենափոքրիկ պետություններից մեկն է։ Այն գտնվում է Ամերիկյան Սամոայից 580 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնում, և զբաղեցնում է 10 քկմ տարածք։ Այնտեղ հասնել հնարավոր է միայն Սամոայից դուրս եկող նավով երկար ժամերում։

Գլոբալ տաքացման հետևանքով կղզախումբն աստիճանաբար իջնում է ջրի տակ, իսկ ջրի տաքացումը ստիպում է դադարեցնել ձկնորսությունը։

ՀՆԱ-ի չափով Տոկելաուն ամենափոքր պետությունն է համարվում աշխարհում։ Այնտեղ բնակվում է 1,500 մարդ, որոնք ունեն Նոր Զելանդիայի անձնագրեր և կախված են վերջինիս օգնությունից. Նոր Զելանդիան ապահովում է Տոկելաուի պետական բյուջեի հիմնական մասը։

Կղզեխմբի գլխավոր գյուղում՝ Ատաֆուում, ապրում է շուրջ 250 մարդ, իսկ հենց կղզին հնարավոր է անցնել հինգ րոպեում։ Տնակներն իրար շատ մոտ են կառուցված։ Մարդիկ ողջ օրն աշխատում են, զբաղվում ձկնորսությամբ և եկեղեցի գնում։

Համաձայն սահմանված կանոնների՝ բոլորը 18։00-ից հետո պետք է դադարեն աշխատել, ինչպես նաև արգելվում է աշխատելը կիրակի օրերին։ 18։00-18։50 մարդիկ կարող են աղմկել, խաղեր խաղալ և հանգստանալ։ Իսկ 18։50-19։00 նրանք պետք է մնան տանն ու աղոթեն։ 19։00-21։00 մարդիկ լողում են և զբաղվում այլ սպորտաձևերով, տան գործերն ավարտին հասցնում։ 21։00-ին երեխաները պետք է քնեն, իսկ 23։00-ից հետո չեն խրախուսվում փողոց դուրս գալն ու աղմկելը։

Տոկելաուում կոմունիզմն է տիրում։ Ամեն ինչ պատկանում է բոլորին։ Մարդիկ Նոր Զելանդիայի կառավարության կողմից հատուկ սահմանված աշխատավարձ են ստանում, ինչպես նաև օգնում մեկը մյուսին։

Կղզեխմբի կղզիներից մեկում խոզեր են պահում և ամեն օր նավերով ուղևորվում այնտեղ՝ խոզերին կերակրելու։ Զբոսաշրջիկներ կղզում հազվադեպ են նկատվում, քանի որ Տոկելաուի բնակիչները չեն սիրում գովազդել իրենց հայրենիքը, ցանկանում են հեռու պահել իրենց երեխաներին արտաքին ազդեցությունեից և նախընտրում են ապրել փոքրիկ համայնքում։

Տոկելաուում ամեն ինչ աշխատում է արևային էներգիայով։ Կղզիներից մեկում կան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ բանկ, ինտերնետ-փրովայդեր, մալուխներ, հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել