Նամակ կնոջը
Հիշում եք,
Անշուշտ ,ողջն հիշում եք դուք,
Ես կանգնած էի
Լուռ,հենված պատին,
Հուզմունքից քայլում
Եվ ինչ-որ շատ թունդ
Խոսքեր էիք դուք
Նետում ճակատիս:
Դուք ասում էիք՝
Պետք է բաժանվել.
Որ տանջել է ձեզ
Իմ կյանքը անսանձ,
Որ դուք ուզում եք
Արդեն գործ անել,
Մինչդեռ պետք է ես
Գլորվեմ դեռ ցած:
Սիրելիս,
Դուք ինձ չեք սիրել բնավ,
Դուք չգիտեք ,որ ես այս կյանքում,
Նման եմ եղել ձիուն քրտնած,
Որին հեծյալը քշել է անքուն:
Դուք չգիտեիք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այս պտտանում,
Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ,թե բախտն ուր է տանում:
Դեմքը դեմքի դեմ՝
Չես տեսնի սակայն,
Հեռվից է միշտ էլ մեծը երևում,
Դժվար է այնպես ու օրհասական
Վիճակը նավի,երբ ծովն է եռում:
Երկիրը-նավ է...
Ու մեկը հանկարծ
Նոր ու փառավոր մի կյանքի համար
Մեր երկրի նավը դեպի փոթորկված
Ծովի տարերքը տարավ վեհաբար:
Բայց նավի վրա մեզանից այդ ո ՞վ
Վատ չի զգացել սրտախառնուքից:
Քչերը եղան,որ փորձված հոգով,
Չտատանվեցին հողմից ու բուքից:
Ու ես էլ այնժամ,
Երբ խոլ ու աղմուկ էր,
Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ,
Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
Իջա այդ նավի ներքնահարկը մութ:
Իսկ դա ռուսական
Պանդոկն էր խավար,
Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
Որ չտառապեմ ոչ ոքի համար:
Խորտակվեմ հարբած
Այդ զառանցանքում:
Սիրելիս,
Ես ձեզ տանջել եմ անվերջ,
Թախիծ կար ձեր լուրթ,
Հոգնած աչքերում,
Որ պանդոկային կռիվների մեջ
Ես իմ կյանքն էի
Անփույթ սպառում:
Բայց չգիտեինք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այդ պտտանում,
Նրա համար եմ
Տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ ,թե բախտն ուր է տանում:
Տարիք են անցել:
Հասակս այն չէ:
Այլ կերպ եմ հիմա զգում ու խորհում:
Ու միշտ տոնական գավաթի առջև
Ես ղեկավարի փառքը ներբողում:
Պատել է այսօր
Ինձ մի նուրբ հուզում,
Հիշել եմ հոգնած տխրությունը ձեր
Եվ հաղորդել եմ
Հիմա ձեզ ուզում,
Թե ինչ էի ես
Ու ինչ եմ դարձել:
Եվ հաճելի է ,
Ինձ համար այնքան
Հայտնել ձեզ,որ ես փրկվեցի վիհից
Եվ հիմա երկրում մեր սովետական
«դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից»:
Ես այն չեմ հիմա,
Ինչ էի առաջ,
Ձեզ առաջվա պես
Չէի տանջի էլ...
Ես ազատության
Դրոշը առած,
Պատրաստ եմ մինչև
Լամանշը քայլել:
Ներեցեք,
Գիտեմ,հինը չեք էլ դուք,
Ամուսին ունեք լուրջ,մեծապատիվ,
Ձեզ պետք չէ բնավ
Խոնջանքն իմ հոգու,
Ինքս էլ ձեզ պետք չեմ
Եվ ոչ մի կաթիլ:
Ապրեք
Աստղի տակ ձեր այդ լուսաշող,
Թող բախտը կանգնի միշտ ձեր տան սեմին:
Ջերմ ողջույններով,
Ձեզ հավետ հիշող
Բարեկամը ձեր՝
Սերգեյ Եսենին
Կապույտ հրդեհի բոցերը հանգան,
Մտահան եղավ հեռուն հայրենի:
Ես սեր եմ երգում առաջին անգամ
Եվ սկանդալն եմ թողնում վայրենի:
Կնասեր էի չափից ավել,
Ես ամբողջովին՝ լքված մի այգի,
Չեմ սիրում արդեն խմել ու պարել
Եվ կյանքս վատնել առանց արդյունքի:
Ես կուզենայի միայն քեզ նայել,
Նայել աչքերիդ ոսկեգույն մուժին,
Որ, չսիրելով անցյալս անվայել,
Չկարենայիր սիրել ուրիշին:
Իրանդ քնքուշ,թեթև է այնքան...
Թե իմանայիր դու սրտով համառ՝
Ինչպե՜ս կարող է սիրել սրիկան,
Ինչպե՜ս կարող է նա լինել խոնարհ:
Կմոռանայի պանդոկը հավետ
Եվ մնաս բարով կասեի երգին,
Միայն բռնեի ձեռքդ քնքշավետ
Եվ փայփայեի մազերդ ոսկի:
Կհետևեի քեզ ամբողջ կյանքում,
Օտար կողմերում ,հողում հայրենի...
Առաջին անգամ ես սեր եմ երգում
Եվ սկանդալը թողնում վայրենի:
***
Ինձ մի հաճույք է միայն մնացել՝
Մատները դնել բերանն ու սուլել,
Վաղու՜ց է այն վատ փառքը տարածվել,
Թե կռվարար ու ցոփ եմ դառել:
Ի՞ նչ ծիծաղելի կուրուստ ու արցունք...
Նման կուրուստներ շատ կան աշխարհում,
Ամոթ է ,որ ես պաշտել եմ աստծուն,
Ծանր է ,որ նրան էլ չեմ վստահում:
Օ՜, իմ ցնորքներ հեռու,ոսկեղեն,
Որ բզկտվեցիք օրերի ճանկում,
Ես հենց կռվարար ու ցոփ եմ եղել՝
Որ ավելի վառ բոցկլտամ կյանքում:
Օ՜,բանաստեղծի անիծյալ կոչում:
Սրտերը շոյել ու հոգին հանել,
Ինչպե՜ս էի ես,հիմա՜րըս,տենչում-
Սև գորտն ու ճերմակ վարդը նշանել...
Ի՜նչ փույթ,թե գլուխ չեկան այս կյանքում
Իմ պատանության տենչերն աննման,
Եթե հրեշտակ չապրեր իմ հոգում,
Դժվար բույն դներ այնտեղ սատանան:
...Հենց այդ նույն պղտոր հաճույքի մեղքով,
Բռնելով ուղին հանդերձյալ կյանքի,
Ուզում եմ դիմել ես աղերսանքով
Նրանց,որ պիտի լինեն իմ կողքին,
Որ մեղքի համար այն յոթնապատիկ,
Որով պղծվել է աշխարհում հոգիս,
Ինձ հագցնեին ռուսական շապիկ
Եվ սրբապատկե՜ր դնեին կողքիս:
***
Չեմ ցավում ,լալիս,չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:
Հիմա այլևըս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի,սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:
Թափառման ոգի,բոցով քո,նայի՜ր,
Գնալով շուրթըս սակավ ես վառում:
Օ,իմ թարմությո՜ւն, առավոտային,
Աչքերի մոլուցք,հույզի վարարում:
Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել,
Թե՞ եղել ես,կյանք, դու միայն երազ:
Գարնան մի զնգուն առավոտ կարծես
Կարմիր նժույգով սլացա վռազ:
Կյանքում բոլորըս,բոլո՜րըս ենք անցվոր,
Պղինձ սաղարթն է թղկուց վար ընկնում...
Թող օրհնյալ լինի այն ամենը,որ
Գալիս է, ծաղկում ու մեռնում գնում:
****
Շագանե ,օ,դու իմ Շագանե,
Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ու պատրաստ եմ ես քեզ պատմելու
Արտերից ու լուսնից մեր անեղծ,
Շագանե,օ, դու իմ Շագանե:
Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ուր լուսինն այնքան մեծ է ու ջինջ.
Ձեր Շիրազը որքան էլ թովիչ,
Բայց էլի ինձ Ռյազանն է գերում,
Հյուսիսից եմ եկել ես հեռու:
Ես պատրաստ եմ հիմա պատմելու,
Որ մազերն իմ առա արտերից,
Թե կուզես փաթաթիր մատներիդ,
Նրանք նուրբ են այնպես ու հլու:
Մեր լուսնի,արտերի մասին լայն
Դու գանգուր մազերից իմ դատիր,
Թանկագինս,ժպտա,կատակիր,
Չարթնացնես իմ հուշերը միայն
Մեր լուսնի,արտերի մասին լայն:
Շագանե,օ, իմ Շագանե,
Հյուսիսում մի աղջիկ կա նույնպես,
Որ դեմքով քեզ նման է այնպես...
Չի կարող նա մտքից ինձ հանել,
Շագանե ,օ, դու իմ Շագանե:
Ես հիշում եմ
Անգինս,թախիծով մի անանց
Հիշում եմ ես փայլը մազերիդ,
Ինձ համար դժվար էր չափազանց
Թողնել ու հեռանալ քեզանից:
Գիշերներն եմ հիշում ես աշնան,
Կեչի ծառն ու շրշյունն ստվերի...
Ասենք թե կարճ էին օրերն այն,
Երկար էր լուսնի լույսն ավելի :
Հիշում եմ,դու ասում էիր ինձ.
«Կգնան տարիներն այս անդարձ,
Կգտնես,կսիրես ուրիշին
Եվ ինձ էլ չես հիշի ,իմ սիրած»:
Եվ այսօր ծաղկավառ,գեղատես
Լորենին հիշեցրեց ինձ կրկին,
Թե ինչ-որ քնքշությամբ էի ես
Ծաղիկներ շաղ տալիս իմ գլխին:
Եվ սիրտս ,որ ջերմ է և արթուն,
Ուրիշին սիրելով խորապես,
Ինչպես մի սիրելի պատմություն
Նրա հետ հիշում է նաև քեզ:
***
Դե, համբուրիր ինձ ,համբուրիր դու,
Այրունոտվեն իմ շուրթերը թող:
Պաղ կյանքի հետ չի ներդաշնակվում
Սրտիս կրակը բոցկլտացող:
Ուրախ մարդկանց մեջ,քեֆերում ջերմ,
Շուռ տված թասը մեզ համար չէ:
Բարեկամուհիս,հասկացիր դու,
Վաղանցիկ է շատ կյանքը մարդու:
Խաղաղ հայացքով նայիր ու տես.
Խոնավ մշուշով պատած ահա
Լուսինը,դեղին ագռավի պես,
Պտույտ է գալիս երկրի վրա:
Ես այդ եմ ուզում:Համբուրիր դու:
Էլ բան չի մնում իմ փուչ կյանքից:
Մահվանս հոտն է առել անշուշտ
Լուսին-ագռավը իր բարձրունքից:
Թառամում են իմ ուժերն այսպես:
Մեռնել՝ուրեմն մեռիր անցիր:
Մինչև վախճանս կուզեի ես
Համբուրել շուրթերն իմ սիրածի,
Որպեսզի նիրհի մեջ կապուտակ,
Թխենիների սոսափի մեջ,
Թխենիների ստվերի տակ
Ձայնս միշտ հնչեր.«Քոնն եմ անվերջ»:
Որպեսզի լույսը չխավարի
Էլ թասի վրա նվիրական,
Խմիր ու երգիր,մտերմուհիս,
Կյանքը տրվում է լոկ մի անգամ:
***
Ես տխրությամբ եմ նայում հիմա քեզ,
Ինչպիսի՜ կսկիծ ու դառն ափսոսանք...
Ուրեմն կյանքում թե դու, և թե ես
Աշնան պղնձե սաղարթին հասանք:
Օտար շուրթերը տարել են վաղուց
Քո ջերմությունն ու դողը կուսական,
Կարծես թե բարակ անձրև է մաղում
Հոգուց իմ՝ արդեն կիսով չափ հանգած:
Ինչ արած:Սիրտս իմ թող զուր չթախծի,
Բացվել է հոգիս խնդության մի ջինջ...
Չէ՞ որ այս դեղին մոխիրից բացի
Ինձ համար կյանքում չմնաց ոչինչ:
Չէ՞ որ ինքս ինձ չեմ պահպանել ես
Խաղաղ կյանքի ու խնդության համար,
Իմ անցած ճամփան,ախ, կարճ է այնպես,
Բայց սխալներն իմ՝այնքան անհամար:
Ծիծաղելի կյանք,հիմար գժտություն,
Այդպես եղել է,այդպես կլինի,
Ցանված է այգին որպես շիրմատուն
Հարթ ոսկորներով այս կեչիների:
Գիտեմ ,որ այնտեղ չի ծաղկում այգին,
Չի ծփում վարսակն,հովը չի երգում,
Դրա համար էլ այնպես դառնագին
Մի դող եմ զգում իմ հոգու խորքում:
Գիտեմ,այն երկրում չեն լինի երբեք
Արտերն այս անծայր,ոսկու պես շողուն...
Դրա համար էլ թանկ են ինձ մարդիկ,
Որոնք ապրում են ինձ հետ այս հողում:
***
Դու ինձ չես սիրում,չես ափսոսում ինձ,
Մի՞ թե ես մի քիչ գեղեցիկ չեմ,
Ինձ չնայելով՝տոչորում կրքից,
Ուսիս ես դնում ձեռքերդ ջերմ:
Քեզ հետ,զգայուն ու խենթ իմ ջահել,
Ես ոչ քնքուշ եմ ,ոչ էլ կոպիտ,
Քանիսի՞ ն ես դու ,ասա, փայփայել,
Քանի՞ շուրթեր են հպվել շուրթերիդ:
Ես գիտեմ,նրանք լոկ իբրև ստվեր
Անցան ,չդիպած քո ջերմ հրին,
Շատ ծնկների ես դու կյանքում նստել:
Հիմա նստել ես իմ ծնկներին:
Թող որ կիսափակ քո այդ աչքերում
Պատկերն է ինչ-որ մի ուրիշի,
Ախր,ես ինքս էլ քեզ շատ եմ սիրում,
Այրվելով հրում հեռու հուշի:
Դու այս կրակը բախտ չհամարես,
Սա լոկ մի կապ է՝թեթև ու հեշտ,
Ինչպես պատահմամբ հանդիպել եմ քեզ,
Այնպես էլ կտամ քեզ հրաժեշտ:
Դու էլ կգնաս քո կյանքի ճամփան,
Ցրելու օրերդ այդ տխրագին,
Չհամբուրվածին ձեռք չտաս սակայն,
Չթովես երբեք չվառվածին:
Ու երբ մեկի հետ նրբանցքով մի լուռ,
Սիրուց խոսելով ,անցնես մի օր,
Գուցե դուրս կգամ ես էլ շրջելու,
Ու կհանդիպենք մենք նորից նոր:
Կսեղմես նրան նուրբ ուսերը քո
Ու կխոնարհվես ինձ տեսնելիս,
Մեղմորեն կասես «բարի երեկո»,
«Բարի երեկո»,-կասեմ ես «miss»:
Եվ ոչինչ ,ոչինչ ինձ չի վրդովի,
Դող չի պատճառի ինձ ոչ մի բան,
Ով որ սիրել է,նրան չես թովի,
Ով այրվել է՝ չես վառի նրան:
***
Գուցե ուշ,գուցե շատ ավելի վաղ,
Այդ մասին չեմ էլ մտածել,ավա՜ղ,
Այն Դոն-Ժունին նմանվեցի ես
Մի թեթևամիտ բանաստեղծ որպես:
Ի՞ նչ է պատահել:Ես ի՞ նչ եմ անում:
Ամեն օր դուռն եմ բախում մի նոր տան:
Չեմ խղճում ես ինձ և չեմ էլ տանում
Դառնությունները դավաճանության:
Ես միշտ ուզել եմ,որ քիչ բաբախի
Սիրտս ջերմ ու պարզ զգացմունքներում:
Ի՞ նչ եմ որոնում այս թեթևամիտ,
Այս կեղծ ու դատարկ կանանց աչքերում:
Իմ արհամարհանք,զսպիր ինձ հիմա,
Ինձ ամբողջ կյանքում ուղեկցել ես դու:
Պաղ փրփուրներ են իմ հոգու վրա
Եվ յասամանի կապույտ սոսափյուն:
Պաղ վերջալույսի լիմոնե լույսն է իմ հոգու վրա,
Եվ սակայն մեգ ու մշուշի միջից նույն ձայն է լսվում,-
Դե, Դոն-Ժուան,մարտահրավեր ընդունիր հիմա,
Զգացմունքների ազատությունը ունի հատուցում:
Եվ հանդարտորեն մարտահրավերն ընդունելով ես,
Տեսնում եմ հիմա,որ միևնույնն է ինձ համար սակայն-
Մեծարել բուքը մայիսյան կապույտ ծաղկափոշու տեղ
Եվ սեր հորջորջել դողն զգայական:
Այսպես է եղել:Այսքանն է կյանքից ինձ բաժին ընկել,
Եվ նրա համար եմ ես շատ շատերին ծնկները գրկել,
Որպեսզի ժպտա բախտը հավիտյան,
Չհաշտվելով կսկիծների հետ դավաճանության...
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/05/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել