Hraparak.am-ը գրում է.

Պարաններով բանտված, դիմակներով սանձված, ջերմաչափման համար ձեռքերը վեր պարզող փոքրիկների լուսանկարը, որոնք իր էջում հրապարակել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորի հայտարարությունը ԱԺ ամբիոնից շոկ առաջացրեցին համացանցում: «Այսօր այս հրաշք երեխաները ահա այսպես գնացել են առաջին դասարան: Էս օրն ու էս պարանը երեխաները ողջ կյանքում հիշելու են», - գրել էր Նաիրա Զոհրաբյանը, և հարյուրավոր օգտատերեր արձագանքել էին. «Ամենացավալին այն է, որ այդ երեխաներին կթվա, թե կարգն է այդպես», «Տհասությունն էլ պիտի չափ ունենա», «Թող ծնողները չուղարկեն դպրոց, ամեն ինչ իրանց խղճին ա», «Մենք անձամբ մեր երեխուն մի տարի ուշ ենք տանելու, ոնց որ շատ ծնողներ», «ֆաշիզմ»: Օգտատերերից ոմանք էլ կոչ են անում դատական հայց նախաձեռնել, համազգային ստորագրահավաք սկսել ծնողների շրջանում: 

ԱԺ արձագանքները նվազ դրամատիկ չէին: Նիստում հայտարարությունների ժամին, երբ Նաիրա Զոհրաբյանը ցույց տվեց սոցցանցում շրջանառվող այս սարսափելի լուսանկարները, ասելով. «Ինչո՞ւ եք ձեզ կոտորում՝ նախարարության հանձնարարականը նման կերպ կատարելու համար: Ստրկամտություն է: Ծնողներ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսպես կանգնեցնեն ձեր երեխաներին, երբ հնարավոր էր առանց ավելորդ ջղաձգումների երեխայի դաստակից չափել ջերմությունը: Երեխայի հիշողության մեջ առաջին դասարանից այդ տեսարանն է մնալու: Բա ո՞ւր մնաց երեխայի իրավունքը, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»: Նրա դուրս գալուց հետո «Իմ քայլից» Արփի Դավոյանը փորձեց արդարացնել երեխաներին ծաղրի ենթարկողներին, ասելով.  

«Թելի վրա կան ժապավեններ, եւ երեխաները որոշակի հեռավորության վրա բռնել են դրանք: Երեւի ուսուցիչն այդպես էր նշել սոցիալական հեռավորությունը: Կարծում եմ՝ հակահամաճարակային իրավիճակում, երբ ուսուցիչները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի երեխաները գոնե հետաքրքրությամբ հետեւեն կանոններին, ուսուցիչը գուցե մտածել է, որ այդպես հետաքրքիր է: Բայց ոչ: Նաիրա Զոհրաբյանի որակմամբ՝ երեխաները կանգնած են եղել ռազմագերիների նման, պարանով բռնվել եւ ձեռքերը վեր են պարզել»:  

Ո՞ր դպրոցի երեխաներն են պատկերված լուսանկարում, ո՞վ է այն տնօրենը, որը երեխաներին ջերմաչափելու համար նման նվաստացուցիչ ու տանջալից մեթոդ է ընտրել, Զոհրաբյանը չգիտի: Նա ասաց, որ իրեն ուղարկել են այդ լուսանկարը, բայց չեն ասել, թե որ կրթօջախի մասին է խոսքը: 
ԿԳՄՍ մամուլի հարցերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը նույնպես չգիտեր, թե որ դպրոցի կադրերն են աղմուկի պատճառը: Նա խոստացավ պարզել և հայտնել: Իսկ մենք ակամայից այլ լուսանկարներ հիշեցինք, որոնք մի քանի օր առաջ հրապարակել էր վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը՝ բաց դեմքով, բաց ուսերով ու ծնկներով: Բնության գրկում և տանը, ավտոմեքենայում, սրճարանում՝ հոր հետ սրճելիս այս աղջնակը երջանիկ է, ազատ, չի ենթարկվում որևէ պարտադրանքի, իսկ եթե անգամ դիմակ է կրում, ապա միայն որպես նորաձև ատրիբուտ: Տարբերությունը նվաստացված փոքրիկների և նրա միջև ակնհայտ է, ինչպես ակնհայտ է տարբերությունը նրա վարչապետ պապայի ու այդ երեխաների մամա-պապաների  միջև: Այդ երեխաների  մամա-պապաների համար դիմակ կրելը պարտադիր է: Իսկ Մարիամի պապայի համար՝ ոչ, քանի որ Մարիամի պապան պարետի օգոստոսի 28-ի որոշմամբ կարող է դիմակ չկրել: Ճիշտ է, միայն ելույթների, արարողակարգային և այլ միջոցառումների ժամանակ: Բայց նույն բացառությունը չի արվում, օրինակ, հեռուստատեսությամբ ելույթ ունեցող հասարակ քաղաքացիների համար: Էլ չեմ ասում միտինգների ու ցույցերի մասին: Մի խոսքով, նվաստացած փոքրիկները ու նրանց ծնողներն այսուհետ հասկացան, որ, ինչպես ասում է կատակերգու Սերգեյ Դանիելյանը, այն, ինչ կարելի է Կեսարին, չի կարելի «սլեսարին»:  

ՀԳ. Գուցե համեմատությունս կոպիտ է և ոմանց վիրավորական կթվա, բայց հանրային ընկալման առումով ճշգրիտ է: Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մեր իշխանավորները պետք է մտածեն հնարավոր ասոցիատիվ շղթաների մասին, որոնք անխուսափելիորեն առաջանալու են հանրային գիտակցության մեջ և որոնք հաստատ հօգուտ իրենց չեն: Իհարկե, եթե նրանք թքած չունեն հանրության կարծիքի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել