Հարավային Կորեան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ իր համատեղ ռազմական ծրագրերից ոչ մեկը միջուկային զենքի օգտագործում չի ենթադրում: Այս մասին հայտարարվել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի գրքի հրատարակումից հետո: «Զայրույթ» կոչվող իր նոր գրքում Վուդվորդը գրել է, որ ԱՄՆ-ն պլաններ է մշակել Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր զինված դիմակայության դեպքում, այդ թվում` «ԱՄՆ-ի պատասխանը հարձակմանը, որը կարող է 80 մարտական լիցի օգտագործում ներառել»: Գիրքը հիմնված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մի քանի հարցազրույցի վրա, փոխանցում է AFP-ն:

Սեուլի Պաշտպանության դեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ իր համատեղ օպերատիվ ծրագրերը (OPLAN) միջուկային զենքի օգտագործում չեն ներառում`՝ հաստատելով նախագահի վարչակազմի տեսակետը:

Նախագահի խոսնակը հայտարարել էր, որ թերակղզում չպետք է նոր պատերազմ լինի, եւ ուժի ցանկացած կիրառում չի կարող իրականացվել առանց Հարավային Կորեայի համաձայնության: «Ես հստակ կարող եմ ասել, որ միջուկային զենքի օգտագործում մեր OPLAN-ներում գոյություն չունի, եւ անհնար է ռազմական ուժ կիրառել առանց մեր համաձայնության»,- ասել է պաշտոնյան լրագրողներին:

Սեուլի պաշտոնյաներն ասում են, որ գրքում խառնաշփոթ կա, քանի որ վերոհիշյալ OPLAN 5027-ը նախատեսված էր ոչ թե միջուկային պատերազմի, այլ` զորքերի տեղակայման եւ հիմնական թիրախները նշելու համար:

Իրենց երկրները պատերազմի եզրին հասցրած վիրավորանքներով եւ միջուկային սպառնալիքներով փոխանակվելուց հետո 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում աննախադեպ գագաթնաժողով անցկացրեցին:

Սակայն Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերին վերջ դնելու բանակցությունները փակուղում էին հայտնվել անցյալ տարվա սկզբի իրենց երկրորդ գագաթնաժողովից հետո:

Գրքում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները շարունակում էին փոխանակվել նամակներով` հաճախ շնորհակալություն հայտնելով նախորդ հանդիպումների համար եւ երբեմն էլ զիջումների կոչ անելով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել