Այսօր կիրակի է, ինչպես միշտ` գնումներ կատարելու օր:
- Մեքենան հանիր, մինչև իջնեմ, լա՞վ, ես հիմա սանրվեմ ու… պատրաստ եմ:
- Գիտեմ քո սանրվելը, մի կես ժամ կտևի:
- Ե՞րբ է այդպես եղել որ…
Բնակարանիցս մինչև ավտոտնակ մի 10-12 րոպեի ճանապարհ է:
Ճանապարհն ասֆալտապատ չէ: 
Մեքենայի շարժիչը տաքացրեցի, անցավ ևս 5-7 րոպե:
Երբ կանգնեցրի շենքի մոտ, կինս վերևից բղավեց:
- Նոր եմ մանիկյուր քսել, բարձրացիր, որ պայուսակներն իջեցնես:
Բարձրանում եմ 5-րդ հարկ:
Իջնում ենք միասին:
Անցավ 10 րոպե:
- Վայ, Գագ ջան, հեռախոսս մոռացա, կբարձրանա՞ս, ես բարձրակրունկներով եմ:
- Հեռախոսն ինչի՞դ է պետք, մի կես ժամից երևի տանը կլինենք:
- Բա որ մամաս զանգի՞, խնդրում եմ, ցավդ տանեմ:
Նորից բարձրանում եմ…իջնում… ևս 10 րոպե:
Ճանապարհը տևեց 35 րոպե, ամեն փողոցում փոքր, բայց ամեն դեպքում խցանումներ են:
… «Բիրիքնոց» կոչվող շուկայում կանգնեցնելու տեղ եմ փնտրում, մի կերպ տեղավորում եմ մեքենան սյան մոտ` առանց հաշվի առնելու, որ իմ կողմի դուռը չեմ կարող բացել:
Մեքենայից իջա կողքի դռնով:
Առևտուրը տևեց 30 րոպե, խոսքը իմ կողմից կատարված առևտրի մասին է:
Կինս մոտեցավ 20 րոպե հետո:
Վերադարձանք:
Մինչև բարձրացրեցինք պայուսակները, ավելի ճիշտ` ես երկու անգամ բարձրացա, իջա, տևեց 20 րոպե:
Մեքենան նորից տարա ավտոտնակ:
Աստված իմ, ե՞րբ պետք է վերջապես հանգիստ պառկեմ, հանգստանամ:
Հեռվից տեսա շենքի մուտք մտնող հարևանիս՝ Համոյին, պայուսակները ձեռքին, երևի նա էլ է շուկայից գալիս:
- Համո, լիֆտը պահի մինչև գամ:
Վերելակում օղու անտանելի հոտ եմ առնում:
- Համո, ե՞րբ ես հասցրել, քո տունը շինվի:
- Խմածս 100 գրամ է, շուկայից եմ գալիս, Գագ ջան, բա դո՞ւ:
- Ոտքո՞վ ես գնացել շուկա:
- Հա, բա ի՞նչ, ոտքով ընդամենը 15 րոպեի ճանապարհ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել