Ռեժիմը դարձել է Մակոնդոյի անձրեւը՝ անընդհատ, անիմաստ ու զզվեցնող։ Մարդիկ հոգնել են ռեժիմի ստերից, մարդիկ հոգնել են դիմակներից, հոգնել են ռեժիմի թալանից, հոգնել են լակոտությունից, ընդդիմության հոխորտանքներից ու նոստալգիայից։ Թվում է, թե անձրեւի նման այն անսկիզբ է:
Իրենց գյուղաքաղաքի գետակի դիմացի ափը որպես արեւմուտք ընկալող, արժեքը միայն դոլարային էկվիվալենտով հաշվող տղաներ սրան գումարում են մի քիչ պոռնո ու մի քիչ հաշիշ եւ այս փաթեթը ծախում են մեզ վրա որպես արեւմտյան արժեքներ, մարդու իրավունքներ եւ պետական շահ։ Ու մոլեռանդորեն արժեզրկում են հաղթանակներն ու սրանից բխեցնում են ինչ-որ պրիմիտիվ ու հոգնեցնող ռուսամոլություն եւ ռուսաֆոբիա։
Սահմանադրության ոտնահարումները դարձել են առօրյա գործ, մարդիկ դադարել են հավատալ օրենքների: Իսկ հոգնած ոստիկաններն, իրենք իրենցից զզված, շարունակում են մարդկանց ասֆալտին պառկեցնել։
Խոսքերը դադարել են իմաստ կրել, սուտն արդեն ճշմարտությունը թաքցնելու համար էլ չէ, այլ ինքնանպատակ։ Կոռուպցիան էլ պետական հանցագործություն չէ, այլ ակնհայտ ջեբկիրություն, եւ իշխանավորները չեն էլ թաքցնում, որ եկել են հարստանալու ու թալանելու համար։
Բողոքի հանրահավաքները քիչ մարդ են հավաքում, բայց Նիկոլն էլ մեծ հանրահավաք չի կարողանա հավաքել։ Մարդիկ զզված են իրենք իրենցից, որ ժամանակին վախեցել են կամ ալարել ու դեմ չեն գնացել կամ էլ զզվում են, որ հավատացել են անհայտ փողոցայիններին։
Երեւի Նիկոլի grand strategy-ն հենց դրա մասին էր․ գողանալ մարդկանց երազները եւ նրանց թաղել գաղջի մեջ այնպես, որ չցանկանան ցանկություններ ունենալ։ Երեւի հույսն էլ այն է, որ մեր Մակոնդոյի անձրեւն այնքան կձանձրացնի, որ մարդիկ կհոգնեն Արցախից, ու ինքը կտա երեք ժողովուրդներին բավարարող լուծումը։
Գաղջից փրկության համար միայն գաղափարները արդեն բավարար չեն․ մոդուսի փոփոխություն է պետք, ոճ է պետք փոխել։