Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց 102 անձանց տուժողի դատակոչի ցուցակից հեռացնելու մասին փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու։ 

Դանիբեկյանը հայտարարեց, որ ըստ մեղադրական եզրակացության՝ զենքի, պայթուցիկ նյութերի գործադրման հետևանքով վնաս է պատճառվել անձանց կյանքին և առողջությանը, ուստի, դատարանը գտնում, է, որ մեղադրական եզրակացությունում ներկայացված փաստական հանգամանքները դատավարության տվյալ փուլում բավարար են տուժողների և տուժողների իրավահաջորդների մասնակցությունը հիմնավոր համարելու համար։ Դատավորը նշեց, որ միջնորդությունը հիմնավորված չէ և դատարանը չի տեսնում հիմքեր՝ տուժողների վարույթից հեռացնելու համար։

Պաշտպանական կողմն առարկեց դատարանի գործողությունների դեմ։ Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ դատարանի որոշումը հագեցած էր իրավական տերմինաբանությամբ, բայց զուրկ՝ բովանդակությունից, ներքուստ անտրամաբանական էր, անհետևողական և իրարամերժ։ Առարկություն ներկայացրեց նաև պաշտպան Միհրան Պողոսյանը ՝ նշելով, որ որոշումն իրավաբանական տրամաբանությունից զուրկ էր, քանի որ խնդիրը երկու լուծում ունի՝ կամ՛ նախկինում ճանաչված բոլոր անձինք հանդիսանում են նաև տուժողներ նաև այս գործով և յուրաքանչյուր անջատված գործով, կամ այս գործի շրջանակներում որևէ անձ չպետք է տուժողի կարգավիճակում հանդես գա։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ խնդրեց դատարանին՝ թույլ չտալ դատավարության որևէ մասնակցի առարկություններ ներկայացնել կայացված որոշումների դեմ։

Նշենք, որ տուժող կողմը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տուժող Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ տուժող կողմն այլևս չի պատրաստվում ֆիզիկապես մասնակցել դատական նիստերին՝ անվանելով դատավարությունը «թանկարժեք դատավարության և ֆարսի»։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել