Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ բնակչության սանատիրահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

«Նախագծով վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքապետի կողմից և Կառավարության կողմից՝ տարբեր տարածքներում»,-ասաց նա և նշեց, որ կիրառվող միջոցառումները կարող են լինել համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանման, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցման կամ սահմանափակման, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումների, ինքնամեկուսացման կամ մեկուսացման տեսքով:

«Կարող են կիրառվել նաև լրացուցիչ միջոցառումներ, կարանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է արտակարգ իրավիճակի հիմք»,-ասաց նա:

Փոխնախարարը հայտնեց, որ եթե կառավարության կողմից կիրառվի կարանտին, կարող են կիրառվել նաև ավելի խիստ միջոցառումներ, մասնավորապես հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը այլևս չի կիրառվելու, այդ տվյալները սահմանված կարգով ոչնչացվելու են: Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ, և միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կհանդիսանա տարածքի վարակի աղբյուր, հնարավոր է կարանտին հայտարարել նաև այդ հատվածում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել